տուն Լուրեր «Հրապարակ». Աղետի գոտի

«Հրապարակ». Աղետի գոտի

101
0

Հրապարակ

Մոտ 100 հազար բնակչություն ունեցող հանրապետության երրորդ քաղաքը մի քանի օր է, ինչ աղետալի վիճակում է: Գազի պայթյունի արդյունքում Վանաձորը ոչ միայն գազից է զրկվել, այլեւ հոսանքից եւ ջրից. հոսանքալարերը, չդիմանալով գերծանրաբեռնվածությանը, շարքից դուրս են եկել, իսկ ջրերը խողովակներում սառել են: Մի քանի օր է՝ քաղաքի պատասխանատուները հայտարարում են՝ մի քանի ժամից, երեկոյան, առավոտյան գազամատակարարումը կվերականգնվի, սակայն՝ ավաղ: Վթարը մեծ է, եւ դրա հետեւանքները չեն կարողանում վերացնել: Խեղճ լոռեցիների բախտից էլ սարսափելի ցրտեր են՝ մինչեւ 20-25 աստիճան 0-ից: Նման պարագաներում, թվում է, ողջ կառավարման համակարգը պետք է ոտքի կանգնեցվեր, բոլոր վթարային ծառայությունները, արտակարգ իրավիճակների նախարարությունը: Գազի-ջրի-էներգետիկ համակարգերում հայտարարվեր տագնապ, եւ բոլորը, ձեռքները քշտած, փորձեին վերականգնել քաղաքի բնականոն կենսագործունեությունը: Երկրի վարչապետն ու նախագահը պետք է մեկնեին «աղետի գոտի»: Աղետ, որն այս անգամ երկրաշարժի արդյունքում չի ձեւավորվել, այլ մեր անփութության, անպատրաստության, ոչ պրոֆեսիոնալիզմի: Սովետական տարիներից շահագործվող խողովակաշարերը, հմուտ մասնագետների բացակայությունը, ավելի շատ գերշահույթ ստանալու մասին մտածելն ու ժամանակին պրոֆիլակտիկ աշխատանքներ չկատարելը նման հետեւանք պետք է ունենային: Մեր աղբյուրներն ասում են, որ այս պահին միակ լուծումը վերգետնյա խողովակաշարերով գազամատակարարումը վերականգնելը կլիներ, սակայն, պարզվում է՝ պետությունը մի քանի մետր խողովակ չի ճարում, որ այս հարցը կարգավորի: Առանց այն էլ չքավոր քաղաքը թաղվել է խավարի ու անհուսության մեջ: Քանի-քանի վանաձորյան ընտանիք այս օրերին հիասթափվեց հայրենիքից: Քանի-քանիսը որոշեցին հեռանալ:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here