Վաշինգտոնի հետախուզության թանգարանում ցուցադրվել է պատմական մի փաստաթուղթ, որը սկիզբ է դրել ամերիկյան հետախուզությանը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Խոսքը վերաբերում է 1777 թվականի փետրվարի 4-ով թվագրված փաստաթղթին, որը գրել է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, երբ գլխավորում էր մայրցամաքային բանակը։ Նա նամակը հղել է իր ընկեր Նաթանիել Սոքեթին, ում խնդրել է դառնալ հետախուզության տնօրեն։ Նրան հրահանգվում էր ստեղծել հետախուզական ցանց Նյու Յորքում։ Դրա համար նա ստանալու էր ամսական 50 դոլար աշխատավարձ, ինչպես նաև 500 դոլար պարգևավճար։ Թանգարանում նշել են, որ այս նամակը ստացել են Սոքեթի ժառանգներից՝ 2002 թվականին։
Քանի որ նամակը շատ հնամաշ է եղել, այն տեղադրված է հատուկ տուփի մեջ։ Նամակը կցուցադրվի մի քանի շաբաթ։