Հնդկաստանն ու Իսրայելը ստեղծում են հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ՝ չինական սովորական և միջուկային հրթիռներից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնել են Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում մեկնարկած DEFEXPO-2014-ում ցուցահանդեսի ժամանակ։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Նոր համակարգը, որն առայժմ չունի անվանում, հավանության է արժանացել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում։ Պայմանագրի ստորագրումը նախատեսված է առաջիկա ամիսներին։ Իսրայելյան կողմից համակարգի ստեղծմանը մասնակցելու են Raphael և Israel Aircraft Industries (IAI), իսկ հնդկականից՝ DRDO և պետական Bharat Dynamics Limited (BDL) ու Bharat Electronics Limited (BEL) ընկերությունները։ Raphael ընկերության ներկայացուցիչն ասել է, որ համակարգի ստեղծման շրջանակներում տեղադրվելու է ռադիոլոկացիոն կայանների ցանց, որոնք մշակվել են հնդիկ և իսրայելցի մասնագետների կողմից։