Երեկ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների վրա Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում տեղի ունեցավ հարձակում: Հարձակվող երիտասարդները փորձում էին խլել երիտասարդների ձեռքին գտնվող «Սերժիկ Պետական դավաճան» գրությամբ թռուցիկները: Տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը պնդում, որ Սերժ Սարգսյանը հերոս է, և բոլորի, այդ թվում նաև իր և դիմացինի կյանքը ժամանակին փրկել է: Լավ փաստարկ է, դեմ չեմ: Ենթադրենք երիտասարդները սրտացավ են հայ ազգի հերոսների հանդեպ ու թույլ չեն տալիս որևէ անարգանք: Այդ դեպքում հարց է առաջանում. երբ ժամանակին Արաբոյի լեգենդար հրամանատար Մանվել Եղիազարյանը բանտում էր հայտնվել, ինչու նույն տեսակը չէր հիշում նրա մասին, ինչու Սամվել Բաբայանին չհիշեցին երբ բանտում էր, ինչու երբ 2008-ին բանտերում էին «Տիգրան Մեծ» գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, «Չավուշ» ջոկատի հրամանատար Մուշեղ Սաղաթելյանը, Աշոտ Զաքարյանը, Սափեյանները ու տասնյակ այլ Արցախյան պատերազմի իրական հերոսներ, որոնց հանդեպ իրական անարգանք էր դրսևորվել` սկսած ձերբակալության պահից՝ մինչև նրանց ազատման պահը, , որևէ մեկը ձեզանից չհիշեց այս տղերքին, ում ընտանիքները դաժան փաստի առաջ էին կանգնել, որ նրանց պարտական ենք մեր շնչած օդով, որ այս տղերքը մեզ փրկել ու մեր հողն են ազատագրել: Անկեղծորեն կուզեի հավատալ ձեր հերոս հարգելու ձգտմանը, բայց չի ստացվում, ներեցեք: Գուցե ինձ պատասխանեք, որ տարիներ են անցել, առաջ այլ կերպ էիք նայում փաստերին, հիմա ավելի զգացմունքային մոտեցում եք ցուցաբերում: Կհավատայի, եթե ամիսներ առաջ Ազատագրական Բանակի հրամանատարներից մեկի` Վոլոդյա Ավետիսյանի հանդեպ, ով ձեր իսկ կուսակցության հիմնադիրներից մեկի` Լեոնիդ Ազգալդյանի մարտընկերն է եղել, նույն տականք ու հերոսին ոչնչացնելու միտում ունեցող քայլերը կատարելիս դուք չլռեիք, երբ Վոլոդյայի հիվանդ որդուն որպես «պատիժ» բանակ զորակոչելուց, փողոցում նույն եռանդով նման որոշումներ կայացնողի վրա հարձակվեիք: Վստահ եմ՝ մտքերովդ չի անցել: Եթե, այնուամենայնիվ, Արցախյան պատերազմի Նաչալնիկ Սնաբժենին ձեզ համար ավելի հերոս է, քան վերոնշայ հերոսները, ուրեմն խնդիրներն ավելի խորքային են: Ցավալին հարձակվողների համար այն է, որ դեռ ծանոթ չեն իշխանության գործելաոճին, երբ ցանկացած պահի ցանկացած մեկին պատրաստ են զոհ տալ, ջրից չոր դուրս գալու համար:
Արմեն Մկրտչյան