Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին սիրահարներն անհամբերությամբ են սպասում: Որոշ զույգեր այս տարի շտապել են ու միմյանց շնորհավորել այսօր՝ Սուրբ Վալենտինի տոնին:
Ստացած նվերների ու սիրելիի մատուցած անակնկալների մասին Araratnews.am-ին պատմում են իրենք՝ սիրահարները:
«Նախորդ տարի Սուրբ Սարգսի տոնին ընկերս ձյան մեջ մոմեր էր շարել սրտի տեսքով և կենտրոնում գրել իմ անվան առաջին տառը»,- պատմում է Նելլին, ով այս տարի պատրաստվում է ամուսնանալ: «Իհարկե, շատ հաճելի էր տեսնել այդ ամենը: Ես այդ պահին իսկապես համովեցի, որ նա ինձ սիրում է: Չնայած չեմ կարծում, որ սերը կապ ունի նման արարքների հետ: Դա ավելի շատ մարդու տեսակի հետ է կապված, նա գիտեր, որ դա ինձ կուրախացնի»,- ժպիտով հիշում է նա:
«Այսօր առավոտյան մտա աշխատասենյակ ու տեսա իմ աշխատասեղանին դրված նվերները»,- պատմում է մեր մյուս զրուցակիցըն ու շարունակում.« Երեկոյան պատրաստվում ենք միասին որևէ տեղ գնալ, երեկոն կանցկացնենք երկուսով, ուրախ միջավայրում»:
Մեր ծնողների, տատիկ-պապիկների պատմությունները լսելուց հետո հասկանում ենք, որ մեր օրերում քիչ են ռոմանտիկ երիտասարդները, խենթ արարքներն էլ՝ ավելի հազվադեպ: Բայց դեռ կան այնպիսինները, որոնց շնորհիվ հասկանում ենք, որ ռոմանտիկան անցյալում չէ:
Գայանեն հիշում է, թե ինչպիսի անհամբերությամբ էր սպասում իր սիրելիի մատուցած անակնկալի «մասնիկներին»:
«Նախորդ տարի ընկերս խանութից խճանկար էր գնել ու խնդրել էր ամեն օր դրա մի մասնիկն առաքել մեր տուն: Եվ այդպես՝ երկու շաբաթ: Հետաքրքրությունից տեղս չէի գտնում: Մինչև ստացա վերջին մասն ու հավաքեցի խճանկարն ամբողջությամբ: Դրա վրա մեր լուսանկարն էր ու յուրահատուկ սիրո խոստովանություն: Ես այդ անակնկալը երբեք չեմ մոռանա»,- մեզ հետ զրույցում ասաց նա: