Այս հոդվածի նպատակն է ներկայացնել հավաքական գործողությունների վերլուծություն` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Դեմ.եմ-ը, “100-դրամ” ակցիան, Մաշտոցի պուրակը, Թռչկանը, Փակ շուկան, գազի թանկացման դեմ պայքարը` սրանք այս կամ այն կերպ հավաքական գործողությունների օրինակներ են:
Հավաքական գործողությունը ուղղված է որևէ խմբի ներկայացուցիչների իրավիճակը բարելավելուն, և որի գործընթացում իրենց ներդրումն են ունենում հենց այդ խմբի ներկայացուցիչները (անդամները): Ենթադրվում է, որ կա անհատների խումբ, որտեղ կա ընդհանուր շահ: Եթե խմբի անդամները միավորեն ջանքերը և կատարեն որոշակի գործողություն, ապա արդյունքում կստեղծվի մի իրավիճակ, որը շահեկան է բոլորին: Սակայն, հավաքական շահի գոյությունը և հստակ գործողությունների գոյությունը, որոնք թույլ են տալիս ձեռք բերել հավաքական շահը, չի նշանակում, որ գործողությունը կկատարվի: Ավելին` դեպքերի մեծամասնությունում ռացիոնալ, անձնական շահ հետապնդող անհատները հավաքական գործողություն չեն ձեռնարկում:
Մամուլում բազմաթիվ անգամներ հնչել է այն կարծիքը, որ հավաքական նպատակի և հստակ գործողությունների գոյությունը, դրանց ձևակերպումը և “ընկալումը” մարդկանց կողմից, բավական է հավաքական գործողություն կատարելու համար, սակայն փորձը ցույց է տալիս, որ վերը նշված ամենևին էլ բավարար չէ հավաքական գործողության համար:
Բերենք օրինակ: Սևանա լճի շրջակայքում ապրող համայնքները ունեն հանրային ձկան պաշար, որը հասանելի է բոլոր ձկնորսներին: Պարզության համար ենթադրենք, որ ամեն ձկնորս ունի որս անելու երկու տարբերակ` բռնել ինչքան կարող է, կամ բռնել չափավոր: Ինտենսիվ ձկնորսություն անելու դեպքում ձկան պաշարները հաջորդ տարիներին նվազում են, որը ձեռնտու չէ ձկնորսներին: Ձկնորսների համընդանուր շահն է` ձկան պաշարը արդյունավետ օգտագործել: Եթե ամեն ձկնորս չափի մեջ որս անի, ապա հնարավոր կլինի պահպանել ձկան պաշարը լճում: Սա նշանակում է երկարաժամկետ կայուն եկամուտ բոլոր ձկնորսների համար: Փաստորեն, կա հավաքական շահ` չվատնել ձկան պաշարները, և կա հստակ գործողություն, որը ամեն ձկնորս կարող է կատարել` հավաքական շահին հասնելու համար:
Փորձը ցույց է տալիս, որ Սևանա լճի ձկնային պաշարները արդյունավետ չեն օգտագործվում: Սրա պատճառը ձկնորսների անհատական շահերի և հավաքական շահերի բախումն է: Ավել որսից հրաժարվելով` ձկնորսը նպաստում է ձկան պաշարի պահպանմանը: Սա հանրային բարիք է: Այս բարիքը սակայն բաժանվում է Սևանում ձուկ բռնող հազարավոր այլ ձկնորսների և իր միջև: Ավել որսից հրաժարվելը անհատական ծախս է ձկնորսի համար, իսկ դրանից ստացվող հանրային բարիքը բաժանվում է հազարավոր մասերի: Եթե ձկնորսի “պահպանած” ձկնապաշարը մյուս տարի հասանելի լիներ միայն իրեն, նա կընտրեր չափավոր ձկնորսության տարբերակը: Բարիքի հանրային լինելը բերում է նրան, որ դրանից օգտվողները չարաշահում են այն:
Ավելի պարզ դարձնելու համար, մեզ “դնենք ձկնորսի տեղը”: Եթե ձկնորսների մեծամասնությունը քիչ է ձուկ բռնում, մենք միայնակ շատ ձուկ բռնելով չենք ոչնչացնի մյուս տարվա ձկան պաշարը: Այսինքն` եթե բոլորը քիչ են բռնում, մեզ ձեռնտու է շատ բռնել (կրկին, քանի որ մեկ ձկնորսի շատ բռնելը չի վտանգում ձկան պաշարը): Հիմա դիցուք մեծամասնությունը շատ է բռնում. այս դեպքում մյուս տարի ձուկը քիչ է լինելու` անկախ նրանից, մենք շատ կբռնենք, թե քիչ: Կրկին, մեկ ձկնորսի դրսևորած զսպվածությունը չնչին ազդեցություն է ունենում հանրային բարիքի քանակի վրա: Ստացվեց, որ ամեն անհատ ձկնորսի ձեռնտու է շատ ձուկ բռնել` անկախ այն բանից, թե մյուսները շատ են բռնում, թե քիչ: Անհատական այս որոշումները գումարվելով` բերում են մի իրավիճակի, երբ ձուկը շատ ավելի քիչ է, քան ձեռնտու է ձկնորսներից յուրաքանչյուրին: Ձկնորսության այս օրինակը հանրային բարիքի դասական օրինակ է, որտեղ հավաքական գործողություն չի կատարվում:
Հավաքական շահը հասանելի է, եթե բավականաչափ թվով անհատներ հավաքական շահին համապատասխան վարքագիծ են դրսևորում: Սակայն հավաքական շահից բացի, գործողություն կատարողները ունեն անհատական շարժառիթներ: Նրանք գործում են այդ շարժառիթներից ելնելով: Հավաքական գործողությունը տեղի է ունենում միայն այն դեպքում, եթե անհատական մակարդակում կայացված որոշումները, գումարվելով, բերում են հավաքական գործողության կատարմանը:
Շահառուների խմբի մեծությունը շատ դեպքերում որոշիչ ազդեցություն ունի հավաքական շահին հասնելու խնդրում: Մեծ խմբերը շատ մեծ դժվարություններ ունեն կազմակերպվելու և հավաքական գործողություն կատարելու:
Որպիսզի հասկանալի լինի, որ այս մոտեցումը իրոք կիրառելի է նշված իրավիճակների նկատմամբ (100 դրամ, Թռչկան, Գազի գին և այլն), բերենք մի ուրիշ օրինակ: Մկների ժողովը ներկայացնենք որպես հավաքական գործողության խնդիր: Հավաքական շահը վզին զանգ ունեցող կատուն է: Գործողությունը դա մկների համագործակցությունն է, որի արդյունքում հնարավոր է զանգը կախել: Ամեն մուկ գործողությանը մասնակցելիս կրում է անհատական ծախսեր` կատուն կարող է իրեն ուտել: Ամեն մուկ նախընտրում է, որ ծախսերը կատարեն ուրիշները, իսկ արդյունքը հասանելի կլինի նաև իրեն` ընդ որում, նույն չափով, ինչ մյուսներին: Արդյունքում` կատվի վզից զանգ կախող չի լինում:
Մեր կարծիքով հավաքական գործողությունների առաջարկված մոդելը բավականաչափ ընդհանուր է: Սահմանելով հավաքական բարիքը, մարդկանց նախընտրությունները, նրանց ծախսերը` կարելի է ստանալ հավաքական գործողության խնդրի տարբեր օրինակներ, որոնք կարող են ունենալ խիստ տարբերվող հանգուցալուծումներ:
Վերլուծենք Գազի և 100 դրամի օրինակները: Հաճախ տարբեր խմբեր կոչ են անում չվճարել գազի վարձը: Սա հավաքական գործողություն է ենթադրում: Եթե մեծ թվով մարդիկ միանան սրան, ՛՛ՀայՌուսգազարդ՛՛-ը տեղի կտա և գազի գինը կիջեցնի: Սակայն գազի գինը չվճարելու ինքնարժեքը մեծ է անհատական մակարդակում. անհատը մտածում է նաև, որ եթե ուրիշներն անեն, ինքը՝ ոչ, ապա հաջողության դեպքում ինքն էլ կօգտվի արդյունքից: Իսկ եթե հաջողություն չգրանցվի, իր գազը կանջատեն, իսկ գինը կմնա նույնը, և ինքը ստիպված կլինի մրսել, իսկ հետո վճարել նաև մինչ այդ չվճարածը, միգուցե նաև` տույժեր ու դատական ծախսեր:
Համեմատենք սա “100 դրամի” հետ: Այստեղ, հավաքական գործողության մասնակցությունը անհատական մակարդակում կապված էր փոքր ծախսերի հետ: Նախ` երթուղայինում 100 դրամ վճարելիս, մարդիկ իրականում շահում էին: Այսինքն, նույնիսկ եթե հավաքական գործողությունը ի վերջո հաջողություն չունենար (գինը մնար 150 դրամ), այն 50 դրամները, որոնք անհատը խնայում էր ամեն անգամ 150 դրամի փոխարեն 100 դրամ վճարելով` իր մաքուր շահույթն էին:
Գործողությանը մասնակցելիս, մարդիկ տեսնում էին, որ մյուսներն էլ են մասնակցում, օրինակ` որ իրենից առաջ երթուղայինից իջնողը նույնպես տվել է 100 դրամ: Սա փոքր խմբի էֆեկտն է` երթուղայի մեջ մարդիկ տեսնում էին մյուսների գործողությունները, այսինքն` վիճակը վերահսկելի և պարզ էր բոլորի համար: Գազի հարցում այս վերահսկելությունը ապահովելը կազմակերպչական լուրջ խնդիր է, քանի որ անհատը չի կարող հեշտությամբ համոզվել, որ մյուսները, խոստացածին համաձայն, իրոք իր պես չեն վճարում վարձը և տանը նստած մրսում են:
Եվ վերջապես` 100 դրամի բողոքի մասնակիցներից շատերը օգտվում էին երթուղուց` դասի, աշխատանքի գնալու համար: Այսինքն` բողոքին մասնակցելու համար մարդիկ ստիպված չէին լրացուցիչ ծախսեր անել: Օրինակ, ստիպված չէին ժամանակ ու գումար ծախսել` բողոքի վայր հասնելու համար:
Մեծ խմբերով հավաքական գործողությունները շատ սխեմատիկորեն կարելի է բաժանել երկու կատեգորիայի: Խնդիրների մի մասում առկա է «գլուխ պահողի»-ի (free rider) խնդիրը, երբ անհատը ներդրում չի կատարում պայքարում, բայց օգտվում է հավաքական գործողության հաջողության արդյունքներից։ Ձկնորսների օրինակը այս դասից է. ինչ էլ անեն մյուսները, ամեն ձկնորսի ձեռնտու է բռնել այնքան ձուկ, ինչքան կարող է: Մյուս կատեգորիան դա այն հավաքական գործողություններն են, որտեղ չմասնակցելը, կամ “գլուխ պահելը”, ձեռնտու է, քանի դեռ կրիտիկական զանգված չի հավաքվել: Կրիտիկական զանգված հավաքվելուց հետո, միանալը դառնում է անհատապես շահեկան, ու շարժումը ձնահոսքի պես մեծանում է: Այս դեպքերում կարևոր է այնպիսի մարդկանց առկայությունը, որոնք առաջին քայլը կկատարեն։ Օրինակ, 100 դրամի ակցիայի ժամանակ սկզբում շատ քիչ մարդիկ էին նշված գումարը վճարում, բայց հայտնվեցին պիոներներ, որոնք սկսեցին 100 դրամ վճարել, և ցուցադրական այդ քայլն իջեցրեց մյուսների՝ ակցիային միանալու ինքնարժեքը։ ԱՄՆ-ում, երբ սևամորթների իրավունքների պաշտպանության շարժման շրջանակներում Ռոզա Փարքսը երթուղայինում իր տեղը չզիջեց սպիտակամորթին, ոստիկանությունը ձեռբակալեց ու դատապարտեց նրան։ Հետագայում մեծ թվով մարդիկ հետևեցին Փարքսի օրինակին, սակայն նրանք այդպես էլ չդատապարտվեցին։ Նման օրինակները շատ էին այդ շարժման ընթացքում։ Փաստացի, Փարքսն առաջինը քայլ կատարեց, որը ըստ էության նվազեցրեց այլ քաղաքացիների մասնակցության ինքնարժեքը։
Մենք կարծում ենք, որ 100 դրամի պայքարի հաջողության գրավականները հետևյալն էին.
1. Մեծ թվով մարդկանց հավաքական գործողությունը բնական ձևով բաժանվում էր մեծ թվով, փոքր մարդաքանակով խմբերի գործողությունների: Այսինքն` հազարավոր մարդիկ մասնակցում էին բողոքի ակցիային, բայց ըստ էության, ամեն երթուղում, ամեն երթուղայինի մեջ, ամեն կանգառում գործում էին անկախ խմբեր: Ինչպես նշվել է, խմբերի փոքր լինելը թույլ է տալիս նրանց ինքնակազմակերպվել:
2. Որոշ բողոքի գործողություններ անձնական մակարդակում փոքր ծախսեր էին պահանջում, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ ապահովում էին շահույթ (50 դրամ` ամեն անգամ “բողոքի ակցիա” կատարելիս): Շատ կարևոր է, որ այս շահույթը կապված չէր հավաքական վերջնական գործողության հաջողության հետ:
Կուզեինք նշել ևս մի բան. հավաքական ցանկացած գործողության դեպքում կարևոր են առաջնորդները։ Վերջերս Հայաստանում շրջանառվում է այն գաղափարը, որ առաջնորդներ պետք չեն քաղաքացիական շարժումներին: Փոքր ակցիաներին` միգուցե, բայց մեծ խմբերի գործողություններ կազմակերպելու համար առաջնորդները կարևորագույն դեր ունեն։ Նրանք նվազեցնում են այլոց մասնակցության ինքնարժեքը և հավելյալ խթան ու մոտիվացիա ստեղծում մարդկանց ներգրավելու համար։ Մեծ խմբերի անդամները կորցնում են վերահսկողությունը մյուսների գործողությունների նկատմամբ: 10 ձկնորսը կարող են միմյանց վերահսկել, բայց 10,000-ը չեն կարող: Սա կարող է բերել խմբի անդամների մոտ վստահության կորստի: Առաջնորդները նման իրավիճակում անհրաժեշտ են, որպիսզի կոորդինացնեն մարդկանց գործողությունները:
Այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակության առջև դրված խնդիրների մի մասը հավաքական գործողության խնդիրներ են: Դրանց հնարավոր լուծումներ տարբեր բարդության են: Ընդհանուր առմամբ, պոտենցիալ մասնակիցներին անհատական շարժառիթներ տրամադրելը և մասնակցության նրանց ծախսերը կրճատելը միշտ նպաստում է մարդկանց կազմակերպելուն: Սա ծավալուն թեմա է, իսկ այս հոդվածը ժամանակն է ամփոփել:
Հավաքական շահի և դրան հասնելու հստակ գործողությունների գոյությունը չեն նշանակում, որ տեղի կունենա հավաքական գործողություն: Կարծիք կա, որ եթե հնարավոր հանրային բարիքը մեծ է, վերաբերվում է և հասանելի է բոլորին, ապա մարդիկ պետք է որ համախմբվեն (ինքնակազմակերպվեն) և ձեռք բերեն այդ բարիքը: Իրականում փորձը ցույց է տալիս, որ հեշտ ձեռք են բերվում այնպիսի հանրային բարիքները, որոնք նախատեսված են փոքր թվով անհատների համար, կամ հասանելի են միայն նրանց, ով մասնակցում է հավաքական գործողությանը:
Մեր կարծիքով քաղաքացիական նախաձեռնությունների հաջողության համար կարևոր են որոշումներ կայացնող փոքր, մասնագիտացված խմբերը: Այդ խմբերը պետք է կարողանան պլանավորել և կազմակերպչական աշխատանք կատարել: Պլանավորման ու կազմակերպչական աշխատանքներում պետք է հաշվի առնել անհատական շահը: Կարևոր է նաև լիդերի ինստիուտը, որը մասնակիցների համար գործողություններին միանալու հավելյալ խթան է ստեղծում:
Անդրանիկ Խաչատրյան- տեխնիկական գիտությունների թեկնածու
Արմեն Գրիգորյան-քաղաքագետ