Մեկ շաբաթ առաջ` հունվարի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց ժամանակավորապես` առնվազն մինչեւ մարտի 28-ը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի երկու հոդվածների գործողությունը: Հոդվածներից մեկով, հիշեցնենք, տույժ-տուգանքներ է նախատեսվում այն գործատուների համար, որոնք չեն վճարի կամ կուշացնեն իրենց աշխատողի աշխատավարձից պարտադիր կուտակային ֆոնդին փոխանցվելիք 5 տոկոսը: Ու ստացվում է, որ ըստ ՍԴ-ի որոշման, գոնե առայժմ այդ գումարը չփոխանցելու համար գործատուն պատասխանատվության չի ենթարկվի, ինչն էլ ազատում է պարտավորությունից: Կենսաթոշակային այս համակարգի դեմ պայքար ծավալողների շրջանում ՍԴ-ի վերը նշված որոշումը ոգեւորություն մտցրեց եւ գնահատվեց որպես փոքր հաղթանակ: Բայց երեկ պարզեցինք, որ գործատուների հետ պարզապես տուն-տունիկ են խաղում: Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն մի այնպիսի «շուստրիություն է» մտածել, որ գործատուները պետք է ստիպված աշխատողից պահեն եւ պարտադիր կուտակայինի հաշվին փոխանցեն նշված 5 տոկոսը: Խնդիրն այն է, որ գործատուների կողմից ամեն ամիս ներկայացվող այսպես կոչված եկամտային հարկի հաշվարկում կա պարտադիր կուտակայինին վերաբերող «դաշտ»: Եւ եթե այդ «դաշտը» գործատուն չլրացնի, ապա ՊԵԿ-ի ավտոմատ համակարգն այդ հաշվարկը չի ընդունի, ու կստացվի, որ գործատուն չի ներկայացրել հաշվարկը, ինչն օրենքի խախտում է, եւ գործատուն պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ եթե գործատուն լրացնում է այդ դաշտը, ապա պետք է նաեւ աշխատողից պահի պարտադիր կուտակայինի գումարը: Մի խոսքով, ստացվում է այսպես. եթե գործատուն մինչեւ ՍԴ-ի վերջնական որոշումը չվճարի իր աշխատողի պարտադիր կուտակայինը, ապա տույժ-տուգանքների չի ենթարկվի, բայց միեւնույն ժամանակ, գործնականում ստիպված է աշխատողից պահել, քանի որ հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի: Սա Սերժ Սարգսյանի «թիմին» հատուկ գործելաոճ է`«փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: «Փաստաթղթերով» Հայաստանը ազատ, ժողովրդավարական երկիր է, «փաստաթղթերով» կա դատական անկախ համակարգ, «փաստաթղթերով» կա ազատ մրցակցություն, «փաստաթղթերով» կոռուպցիա չկա…: Բայց գործնականում ամեն ինչ հակառակն է: Այս դեպքում էլ կա «փաստաթուղթ»` Սահմանադրական դատարանի որոշումը: Բայց կա նաեւ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած հիմնարկի` ՊԵԿ-ի ներքին «կանոնակարգը», որի դիմաց ՍԴ-ի որոշումը մի օգտագործած անձեռոցիկի արժեք նույնիսկ չունի:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը