Իրան-Հայաստան սահմանի վրա` Մեղրիի մաքսատանը, արդեն 20 օր կանգնած դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռների խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում: Ինչպես տեղեկացրել էինք, հունվարի սկզբին 23 ավտոցիստեռներով Իրաքից Հայաստան ուղղվող դիզվառելիքն Իրանի սահմանը հատելուց հետո մնացել է ՀՀ մաքսային սահմանին: Մեր մաքսավորները արգելել են դրա մուտքը Հայաստան, սակայն իրենց գործողություններին որեւէ տրամաբանական բացատրություն չեն տվել: Երեկ մենք կրկին փորձեցինքն ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունից մանրամասներ ճշտել, թե ինչու է Իրաքից բերված դիզվառելիքի մուտքը Հայաստան արգելվել, բայց դա այդպես էլ չհաջողվեց: Պարզվում է, դիզվառելիքի ներկրումների հետ կապված հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Խնդիրն այն է, որ նախկինում էլ Իրաքից դիզվառելիք ներկրվել է: Մասնավորապես, 2013 թվականի առաջին 9 ամիսներին ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, Իրաքից Հայաստան է ներկրվել ավելի քան 21 հազար տոննա դիզվառելիք: Վերը նշված խմբաքանակը Հայաստան է եկել ճիշտ նույն ճանապարհով ինչ նախկինում, ճիշտ նույն փաստաթղթային ձեւակերպումներով ինչ նախկինում, ու հանկարծ պարզվել է, որ Իրաքից այլեւս դիզվառելիք չպետք է ներկրվի Հայաստան: Եւ ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ծագած խնդիրը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ծիրում է գտնվում: Ըստ այդ տեղեկությունների, ՀՀ եւ ՌԴ իշխանությունների միջեւ ձեռք է բերվել համաձայնություն, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը բենզինն ու դիզվառելիքը ներկրելու է բացառապես Ռուսաստանից: Ու չնայած Հայաստանը պաշտոնապես դեռ Մաքսային միության անդամ չէ, Ռուսաստանից ներկրվող բենզինի ու դիզվառելիքի մաքսազերծումը կիրականացվի ՄՄ-ի չափանիշներով: Այսինքն, այն ըստ էության չի մաքսազերծվի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հեղուկ վառելիք Հայաստան ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը բենզինի առաջին խմբաքանակն արդեն բերել է Ռուսաստանից, սակայն հաշվարկները ցույց են տվել, որ դա ձեռնտու չէ: Ռուսաստանից ներկրված ու չմաքսազերծված բենզինի վերջնական գինը 6-7 տոկոսով ավելի բարձր է ստացվել, քան մինչեւ հիմա Եվրոպայի նավթավերամշակման գործարաններից բերվող բենզինը մաքսազերծումից հետո: Ակնհայտ է, որ նույն իրավիճակը կլինի նաեւ դիզվառելիքի պարագայում` ՌԴ-ից բերվող դիզվառելիքի ինքնարժեքը ավելի բարձր կլինի քան Իրաքից ներկրվածը եւ ռուսական դիզվառելիքի մրցունակությունը կհայտնվի կասկածի տակ: Հենց սա է պատճառը, որ ռուսական վառելիքը Հայաստանում չպետք է այլընտրանք ունենա: Հենց սա է պատճառը, որ իրաքյան դիզվառելիքը այլեւս չի կարողանում մուտք գործել ՀՀ: Ինչ վերաբերում է կոնկրետ այս 23 ավտոցիստեռների խնդրին, ապա դրա լուծման հեռանկարները խիստ անորոշ են: Մեր մաքսավորները փորձել են իրանական իրենց գործընկերների հետ քննարկել այս հարցը, որպեսզի դիզվառելիքը ետ վերադառնա: Սակայն իրանական կողմը մերժել է այս առաջարկը` պատճառաբանելով, որ փաստաթղթերը լրիվ օրինական են եւ Իրանի տարածքից այդ դիզվառելիքի արտահանումն արդեն ձեւակերպվել է: Դիզվառելիքը ներկրած գործարարների զայրույթին ի պատասխան, մեր մաքսավորները ակնարկել են, որ խնդիրը կարող է լուծվել միայն Սերժ Սարգսյանի մակարդակով, իսկ դրա համար պետք է, որ նա վերադառնա Չեխիայից: Կվերադառնա` կտեսնենք:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը