Սերժ Սարգսյանի` 2013թ, սեպտեմբերի երեքին Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին հայտարարությունից հետո, հայաստանյան տարբեր իշխանական, մերձիշխանական, նույնիսկ ընդդիմադիր շրջանակներ պնդում էին, թե Մաքսային միությանն անդամագրվելը շահավետ է Հայաստանի տնտեսության համար: Շահավետության մասին այս պնդումներն ունեին ընդհանրական, այսպես ասած` հռետորական բնույթ, եւ չէին պարզաբանում մանրամասները՝ թե ինչը՞, որտե՞ղ, ե՞րբ եւ ինչպե՞ս է շահավետ:
Սակայն, ժամանակը անցնում է, եւ ի հայտ են գալիս Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելու հեռանկարի հետ կապված մանրամասներ: Մասնավորապես պարզվում է` Մաքսային միությունից դուրս արտադրվող ավտոմեքենաները Հայաստանում թանկանալու են առնվազն 30 տոկոսով, որովհետեւ այդ մեքենաների ներմուծման նոր մաքսատուրքեր են կիրառվելու: Այսպիսով, մասնավորապես, հայաստանցիների առաջ փաստացի փակվելու է ավտոմեքենաների վրացական երկրորդային շուկան, որը բազմաթիվ մարդկանց ընդունելի վիճակում գտնվող ավտոմեքենաներ ունենալու հնարավորություն էր տալիս:
Պարզվեց նաեւ, որ թանկանալու է դեղորայքը՝ նույն պատճառներով: Հայաստանում սպառվող դեղորայքի ճնշող մեծամասնությունն արտադրվում է Մաքսային տարածքից դուրս: Այսինքն` եթե դրանք Հայաստան ներկրելիս ներկայումս մաքսատուրքով չեն գանձվում, ՄՄ-ին անդամագրվելու դեպքում մաքսատուրք է ավելանալու` սրանից բխող բոլոր հետեւանքներով:
Նույն պատկերն ենք ստանալու նաեւ սննդամթերքի դեպքում: Պարզվեց` գազը չի էժանանալու, ինչպես ակնկալվում էր ի սկզբանե, եւ շարունակելու է թանկանալ: Փոխարենը` հիմա արդեն Հայաստանը զրկված է սեփական կարիքների համար իրանական ավելի էժան գազ ներկրելու հնարավորությունից: Չի էժանանալու նաեւ բենզինը եւ նավթամթերքը:
Փոխարենը ասվում է, թե հայաստանյան ապրանքները դեպի ՄՄ արտահանվելու լավ հնարավորություն կունենանք: Այս փաստարկն էլ չափազանց թույլ է, որովհետեւ այն հնարավորությունները, որ հայաստանյան ապրանքներն ունենալու են Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան արտահանվելու համար, հիմա էլ ունեն, եւ այդ հնարավորությունը տարածվում է ոչ միայն ՄՄ անդամ երեք երկրների, այլեւ ԱՊՀ անդամ հանդիսացող Ուկրաինայի, Մոլդովայի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի վրա, որովհետեւ ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի մասին ստորագրված համաձայնագիր կա: Է, թո՛ղ արտահանեն, հիմա ո՞վ է խանգարում: Եթե խանգարող հանգամանքներ կան, դրանք չեն վերանալու նաեւ ՄՄ անդամակցության պարագայում, որովհետեւ արտահանման իմաստով որեւէ բան չի փոխվելու, եւ ընդհակառակը, մեծ հավանականությամբ կսահմանափակվի դեպի ԵՄ երկրներ արտահանումների հնարավորությունը, որն, ի դեպ, դեռ մեկ տարի առաջ Հայաստանի արտաքին առեւտրի ամենամեծ գործընկերն էր: Հիմա ԵՄ-ն կամաց-կամաց սկսել է տեղը զիջել ԱՊՀ-ին, ինչը նշանակում է, որ վերը նշված գործընթացն արդեն իսկ թափ է հավաքում:
Այստեղից ահա, կրկին ահագնանում է հետեւյալ հարցը` այդ ինչո՞վ է Հայաստանին շահավետ անդամակցությունը Մաքսային միությանը: Մի՞թե ոչ նրանով, որ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառվող թոփ-թազա զենքերից մեզ էլ կտա: Եթե ՄՄ-ին չանդամագրվենք, չի տա, լավագույն դեպքում` կվաճառի, իսկ գնելու փող մենք չունենք: Երկրորդ «առավելությունն» այն է, որ Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու շանսերը մի փոքր ավելանում են: Ու եթե հաշվի ենք առնում այս գործոնները, ստացվում է, որ մենք Մաքսային միությանը ոչ այնքան անդամագրվում ենք, որքան պատանդ ենք վերցվում: Իսկ սա նշանակում է, որ ենթագիտակցորեն հարմար պահ ենք փնտրելու պատանդությունից ազատվելու համար: Ու սա առաջին հերթին պիտի որ մտահոգի Ռուսաստանին, որովհետեւ այսպիսով, Հայաստանը հերթական ականն է դառնում՝ Ռուսաստանի տակ դրված: Իհարկե, փոքրիկ, բայց այնուամենայնիվ՝ ական: Ի վերջո, ԽՍՀՄ փլուզումը կարծես թե նույնպես սկսեց Հայաստանից: Ու այս ֆոնին միգուցե ավելի լավ է Ռուսաստանը Հայաստանին ոչ թե իր տակ կոխի, այլ թողնի, որ մենք մնանք այն նույն տեղում, որտեղ հայտնվել էինք 1991 թվականի սեպտեմբերի 21-ին:
Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը