Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին:
ԱԺ նախագահը շնորհավորեց Ջովաննի Ռիչուլլիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց դեսպանական առաքելության իրականացման գործում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ հարուստ պատմության վրա: Նա գոհունակությամբ փաստեց, որ հայ-իտալական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում զգալիորեն աշխուժացել են, ակտիվություն է նկատվում նաեւ հայ-իտալական միջխորհրդարանական կապերում. 2013թ. փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Իտալիայի խորհրդարանում ձեւավորվել եւ գործում է Իտալիա- Հայաստան աշխատանքային խումբը, որում ընգրկված են շուրջ 115 խորհրդարանականներ՝ /63 հոգի Սենատից եւ 52 հոգի Պատգամավորների պալատից/: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհդարանական կապերի զարգացումը` համոզմունք հայտնելով, որ դրանք իրենց նպաստը կբերեն նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը:
Դեսպան Ռիչուլլին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ վստահեցրեց, որ իր պաշտոնավարության տարիներին կանի հնարավորը հայ-իտալական կապերը ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, երկկողմ շփումները, փոխադարձ այցելությունները:
Զրուցակիցները կարեւոր համարեցին տնտեսական համագործակցության զարգացումը, կոնկրետ ծրագրերի իրականացումը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: