2014 թ.-ի հունվարի 31-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) իրականացրեց 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի թողարկում: Ընդ որում, այն առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է, որն իրականացրեց իր պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով: Թողարկումը հնարավոր դարձավ ՀՀ կենտրոնական բանկի կողմից Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ տարված համատեղ աշխատանքների շնորհիվ: Միջազգային ամենաբարձր AAA վարկանիշ ունեցող ընկերության կողմից ազգային արժույթով նոր ներդրումային գործիքների թողարկումը կարևորագույն իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ու այս տարի մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների տեսանկյունից: Ներդրողները, այդ թվում և կենսաթոշակային ֆոնդերը, հնարավորություն կունենան կատարել հուսալի ներդրումներ ընկերության պարտատոմսերում և ապահովել կայուն եկամուտ: Բացի այդ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով լողացող տոկոսադրույքով պարտատոմսը նորարարական ֆինանսական գործիք է և կարող է հանդիսանալ կարեւոր իրացվելիության կառավարման միջոց տարբեր ֆինանսական կառույցների համար:
Մյուս կողմից, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից հավաքագրված դրամով միջոցներն ուղղվելու են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը: Սա նաև կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից, քանի որ պարտատոմսերը ցուցակվելու և շրջանառվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, և նոր ներդրումային հնարավորություն է ստեղծվելու մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների համար: