Երեկ երեկոյան բոլորի ուշադրության կենտրոնում ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու փաստն էր, և Երևանում, կարելի է ասել, իրավիճակը բավականին լարված էր: Քաղաքում շրջում էին մի քանի երիտասարդներ և բաժանում էին ինչ-որ թռուցիկներ, որի վրա պատկերված անձը սարսափ էր տարածում քաղաքացիների շրջանում: Երիտասարդները արդեն մի քանի օր է նման գործողություններ են իրականացնում և արդեն երկրորդ անգամ են բախվում նման արգելքի հետ: Երեկ, սակայն, իրավիճակը կարծես մի փոքր այլ էր: Երիտասարդ «չարագործների» թռուցիկային «ահաբեկչությանը» խանգարեցին ՀՀԿ ինքնապաշտպանական երիտջոկատի մի քանի անդամներ, որոնք պատահաբար էին անցնում այդ փողոցով: Ինքնապաշտպանական ջոկատի երիտասարդ անդամները կարողացան նրանց ձեռքից խլել մի քանի թռուցիկներ և ոչնչացնել, սակայն դեռ գործը չէին հասցրել ավարտին, երբ եկան ոստիկանները և խափանեցին ամեն ինչ՝ այդպիսով կիսատ թողնելով ՀՀԿ տղաների «սխրանքը»: Հասարակությունը շարունակում էր մնալ մտածմունքների մեջ, մինչ տարածվեց ՀՀԿ երիտջոկատի խիզախ հրամանատար, փուչիկ պայթեցնելու կրկնակի ասպետ Կարեն Ավագյանի հայտարարությունը, ինչի մեջ ասվում է.«Մենք երկար ժամանակ նման դրսևորումների չենք արձագանքել, բայց այսուհետ ցանկացած նմանատիպ դրսևորում իր պատասխանը ստանալու է: Այսօր այդ պատասխանը ստացվել է այդ փողոցում պատահական հայտնված մեր կազմակերպության անդամների կողմից, վաղը, եթե որոշակի դասեր չքաղեցին սրանից, մենք արդեն ավելի խիստ պատասխաններ կտանք ոչ թե այն երիտասարդներին, ովքեր միամտաբար հայտնվել են այդ իրավիճակում, այլ իրական կազմակերպիչներին, ովքեր թաքնվել են այս երիտասարդների հետևում»: Այնպես որ ՀՀ բոլոր քաղաքացիները, այսուհետ, կարող են հանգսիտ քնել՝ Կարեն Ավագյանը արդեն իսկ նոր ջոկատներ է կազմավորել, որոնք խիզախաբար կպաշտպանեն ՀՀ բոլոր քաղաքացիներին: