Ուկրաինացիները ոչ մի կերպ չեն հեռանում իրենց հայրենիքի մայրաքաղաք Կիեւի կենտրոնից` Մայդանից, որը մի ինչ-որ պահից սկսեց կոչվել Եվրամայդան: Համացանցը լեցուն է Եվրամայդանում եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող նյութերով, լուսանկարներով եւ տեսակադրերով: Մայդանցիների ու ուկրաինական իրավապահների միջեւ բախումները բավականին հաճախ են տեղի ունենում եւ այս կիրակին էլ բացառություն չի եղել: Բախումները դաժան են եղել, եւ երկու կողմից տուժել են հարյուրավոր մարդիկ, մի քանի տասնյակ մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Փայտերով ու քարերով զինված ցուցարարների ու ոստիկանության միջեւ բախումների մասին պատմող հրապարակումներից դժվար է միանշանակ պնդել, թե որ կողմն է նախահարձակ եղել եւ որ կողմն է պաշտպանվել: Կան կադրեր թե՛ ցուցարարների դաժանության մասին, որոնք ծեծում են ոստիկաններին, եւ նաեւ ապացույցներ, որ ոստիկանությունն է դաժանություն դրսեւորում ցուցարարների հետ հարաբերություններում: Բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ Կիեւում մարդ սպանելու հատուկ դիտավորություն ոչ մի կողմը չունի: Նրանք ծեծում են միմյանց, ծեծում են դաժան, բայց չեն սպանում: Չկան դիպուկահարներ, ուղիղ մարդկանց վրա «Չերյոմուխաներով» չեն կրակում…: Օգտագործում են միայն արցունքաբեր գազ, կրակում միայն ռետինե գնդակներով: Եւ եթե հանկարծ Եվրամայդանում զոհ լինի, ապա դա կլինի զուտ պատահականություն: Սա առանձնահատուկ կարեւորություն է ստանում այսօր մեր` հայաստանցիներիս համար: Այն, ինչ այսօր կատարվում է Կիեւում, համեմատելի է այն ամենի հետ, ինչ կատարվում էր 2008 թվականի ձմռան վերջին Երեւանում: Կիեւում ավելի շատ են ավտոմեքենաներ վառում, քան ըստ պաշտոնական վարկածի, վառվեցին Երեւանում 2008-ին, ավելի շատ են խանութներ թալանում, քան Երեւանում թալանվեցին (թե ով թալանեց նույնիսկ էական էլ չէ), ոստիկաններին շատ ու շատ ավելի դաժան են ծեծում, քան ծեծում էին Երեւանում 2008-ին, բայց ցուցարարներին չեն սպանում: Իսկ Երեւանում սպանեցին: Սպանեցին դիմահար կրակոցներով: Մարդկանց ուղղակի գնդակահարեցին փողոցում: ՀՀ սահմանադրության ուղղակի խախտմամբ մայրաքաղաք մտցրեցին զինված ուժեր ու տանկերով ասպատակեցին Երեւանը: Եւ այս ֆոնին այդ ժամանակվա ի պաշտոնե զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը այսօր բլբուլ է կտրել ու քննադատում է այսօրվա կառավարությանը շինարարական «փուչիկների» թեմաներով: Սերժ Սարգսյանն ու նրա ենթակա այսօրվա պաշտոնյաներն էլ, որոնք իշխանություն ունեն շնորհիվ 2008 թվականի սպանությունների, քննադատում են Քոչարյանին, բայց էլի շինարարական «փուչիկների», «Գույք պարտքի դիմաց»-ի, կենսաթոշակային «բարեփոխումների» թեմաներով: Սրանք այն անշառ թեմաներն են, որոնցից այն կողմ այդ շոուն չի անցնելու: Կողմերից ոչ մեկը նույնիսկ հեռավոր ակնարկներ չի անի 2008-ի Մարտի մեկի պատասխանատվության մասին: Որովհետեւ երկու կողմն էլ մասնակից են եղել այդ սպանություններին, երկու կողմն էլ հավասարապես շահել են այդ սպանություններից: Եւ երկու կողմն էլ առանց աչք թարթելու, հնարավորության դեպքում, կկրկնեն այս ամենը, եթե ռեալ վտանգ զգան, որ կկորցնեն իշխանությունը: Դա է պատճառը, որ Հայաստանի ապագան օր-օրի ավելի մշուշոտ է դառնում, օր-օրի Հայաստանն ավելի է հեռանում քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելու հնարավորությունից: Իսկ Ուկրաինայի քաղաքակիրթ ապագան, չնայած այս պահին ծագած դժվարություններին, թերեւս ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Որովհետեւ այնտեղ փողոց դուրս եկած մարդկանց իշխանությունը չի գնդակահարում:
Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը