Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը Նելսոն Մանդելայի արձանի հեղինակներից պահանջում է հանել բրոնզե նապաստակի արձանիկը, որը քանդակագործները տեղադրել են Մանդելայի արձանի ականջի մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կառավարությունում կարծում են, որ նապաստակը ցածրացնում է մահացած առաջնորդի արձանի արժանապատվությունը։
Նշենք, որ քանդակագործներ Անդրե Պրինսոլոն և Ռյուհան Յանսե վան Վյուրենը հայտարարել են, որ արձանի ականջում նապաստակ են տեղադրել այն բանից հետո, երբ նախարարությունն իրենց թույլ չի տվել քանդակել իրենց անունները արձանի ոտքերի վրա, ինչպես նաև այդ քայլով նրանք ցանկացել են արտահայտել իրենց բողոքն արձանը կերտելու համար տրված չափազանց քիչ ժամանակի համար։ Նապաստակը տվյալ դեպքում խորհրդանշում է քանդակագործների աշխատանքի ժամանակ ցուցաբերած շտապողականությունը
Հավելենք, որ Մանդելայի բրոնզաձույլ արձանը 9 մետր բարձրություն ունի։ Այն կանգնեցվել է դեկտեմբերի 16-ին՝ առաջնորդի հուղարկավորման արարողությունից մեկ օր հետո։