ԱԺ-ի 4 խմբակցությունները համատեղ`ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» կստեղծեն ժամանակավոր հանձնաժողով ՀայՌուսգազարդի գոյացած 300 միլիոն դոլար պարտքի եւ սակագների ուսումնասիրության համար: Այս մասին այսօր ԱԺ նիստին հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Առաջին հարցը այն է լինելու, թե ինչպես է տեղծվել այդ պարտքը, բացատրություններ, ուսումնասիրություն: Երկրորդ հարցն այն է, թե մեծածախ եւ մանրածախ գների կազմը ինչպե՞ս է առաջացել, թե ինչպես է այդ մեծ տարբերությունը գազի եւ սպառողների կողմից օգտագործվող գազի գնի միջեւ: Խոսքը շուրջ 200 դոլար գնի տարբերության մասին է: »,-ասաց Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ 3 ամսվա ընթացքում չորս խմբակցությունները կքննարկեն այդ բոլոր հարցրեըը, կուսումնասիրեն, կպարզաբանեն եւ վերջում, որպես զեկույց, կներկայացնեն Ազգային Ժողովին:
«Քանի որ այս ամենը պահվել է գաղտնի մեզնից, եւ մենք չենք ստացել մեր հարցերի պատասխանները խորհրդարանում երբեք, մենք ինքներս կփորձենք ուսումնասիրել եւ պարզաբանել այդ ամենը: Լավ կլինի, որպեսզի բոլոր խմբակցություններն ունենան ներկայացուցիչներ այս հանձնաժողովում եւ 3 ամսվա ընթացքում ներկայացվի խորհրդարանինˋ որպես զեկույց»,-ասաց Արամ Մանուկյանը:
Նա հավելեց, որ ցանկություն ունի, որպեսզի ստեղծվող հանձնաժողովը ծանոթանա բոլոր այն գազային պայմանագրերին, որոնք կնքել է Կառավարությունը: