տուն Լուրեր Կուտակային կենսաթոշակային վճարներն այլ լույսի ներքո՝

Կուտակային կենսաթոշակային վճարներն այլ լույսի ներքո՝

139
0

kutakayin_kensatoshak_10

Արդյոք կապ կա այս երկու օրենքների միջև՝«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի:

Այս երկու օրենքներն իրար հստակ փոխկապակցված են և դրանք ընդունվեցին մեր իշխանության կողմից միևնույն ժամանակ (2010թ-ի դեկտեմբերի 22-ին), բայց ուժի մեջ մտան իրարից մեկ տարվա տարբերությամբ:

Փորձենք համեմատականներ տանել, թե ինչ ազդեցություն ունեցան այդ երկու օրենքները աշխատավարձերի և դրանցից պահվող հարկի, պարտադիր վճարների վրա:
2013թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի մեր իշխանությունները հիմնական շեշտը դնում էին այն բանի վրա, որ երկու հարկատեսակ միացնում են իրար, հաշվետվությունների քանակ են կրճատում և այլ բարեփոխումներ:

Մինչ 2013թ-ը, եթե հիշում ենք, աշխատավարձից վարձու աշխատողը վճարում էր եկամտահարկ և 3% սոցիալական ապահովության վճար, իսկ գործատուն յուրաքանչյուր վարձու աշխատողի համար վճարում էր գործատուի սոց վճար, որը նորից հաշվարկվում էր աշխատավարձից: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվեց, որ գործատուի վճարելիք սոց. վճարը միացվեց Վարձու աշխատողի եկամտահարկին և դա անվանվեց ԲԱՐԵՓՈԽՈՒՄ  :

Հետո այս ամենը համեմվեց Կառավարության մի շարք որոշումներով, օրենքի փոփոխությունների լրացումներով և որպեսզի ոչ գործատուները ընդվզեն, ոչ էլ վարձու աշխատողները, գործատուներին Կառավարության Թիվ 692-Ն (ընդունված 31.05.2012թ-ին) որոշումով պարտադրվեց բարձրացնել աշխատավարձերը այնքանով, որպեսզի վարձու աշխատողները մաքուր աշխատավարձ ստանան ոչ պակաս քան նախորդ տարվա միջինը, կամ ոչ պակաս քան նախորդ տարվա դեկտեմբեր ամսվանը: Ստացվեց, որ վարձու աշխատողները ոչինչ չեն տուժում, իրենք իրենց մաքուր աշխատավարձը նույն չափ ստանում են, իսկ գործատուները իրենց կողմից վճարվելիք ԳՈՐԾԱՏՈՒԻ սոց վճարը գումարեցին եկամտահարկի անունը դրեցին ԵԿԱՄՏԱՅԻՆ հարկ, այսուհետ միասնական հարկ:

Ի ԴԵՊ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՆՊԱՍՏԵՑ ՈՐ ԵՐԿՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԱՃ,

Հիմք ընդունելով ՀՀ Ֆինանսների նախարարության «Պետական բյուջեի կատարման վերլուծություն 2013թ-ի 1-ին կիսամյակ» 2013 թվականի հունվար-հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի նկատմամբ աճել է 2.7%-ով, իսկ առավել հետաքրքրական է, որ վերլուծության համաձայն Իրական աշխատավարձը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  1.3%-ով:

Եկամտային հարկից ստացված մուտքերը` հունվար-հունիս ամիսներին 24.4%-ով (շուրջ 25.3 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: Այս տոկոսը նույնն է ինչ եկամտային հարկի հարկման 1-ին շեմի 24.4 տոկոս դրույքաչափը:

Թվում է թե և գայլերն են կուշտ, և ոչխարները, բայց արի ու տես, որ այս օրենքին հաջորդելու էր  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որն ուղիղ կպնում էր վարձու աշխատողի գրպանին: Այս օրենքը կարծես թե եկավ փոխարինելու նախկինում վարձու աշխատողների կողմից վճարվող 3 տոկոս սոցիալական ապահովության վճարներին, բայց ահռելի տարբերություններով,  ինչու 3 տոկոսի փոխարեն մինչև 500,0 հազ դրամ աշխատավարձի դեպքում 5 տոկոս, իսկ 500,0-ից բարձրի դեպքում-10 տոկոս, ինչու բոլորի փոխարեն միայն ընտրյալները (1974թ-ից ծնվածները), ինչու պետական բյուջե վճարելու փոխարեն ինչ որ ֆոնդեր, մի շարք այլ ինչուներ, որոնք հուզում են հասարակությանը և որոնց պատասխանները մեր իշխանությունները փորձում է մինչ այժմ տալ, երբ օրենքն արդեն ուժի մեջ է մտել:

Ինչպես նշված էր հոդվածի սկզբում այս երկու օրենքներն էլ ընդունվել են նույն օրը 2010թ-ի դեկտեմբերի 22-ին, որին կողմ են քվեարկել 69 պատգամավոր, դեմ 1, իսկ ձեռնպահ 0: Պատգամավոր ԱրծվիկՄիանասյանը չի քվեարկել, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ է քվեարկել, մանրամասները խորհրդարանի կայքում՝

http://parliament.am/register.php?do=bulletin&ID=4149 :

Իհարկե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով այստեղ էլ «ինքնակամ» հանդես եկան ԲԱՐԻ-Գործատուներ, որոնք հայտարարեցին, թե իրենք կբարձրացնեն աշխատավարձերը, այնքանով, որ պարտադիր կուտակային վճարների բեռը կվերցնեն իրենց վրա:

Ի ԴԵՊ ԱՅՍ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՆՈՐԻՑ ԿՆՊԱՍՏԻ ԵՐԿՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԱՃԻ ԳՐԱՆՑՄԱՆԸ,

բայց այս երկու դեպքերում էլ զուտ աշխատավարձի վրա վարձու աշխատողը այդպես էլ տարբերություն չի զգում, անկախ ԵՐԿՐԻ սիրուն ցուցանիշներից: Ընդ որում այստեղ ունենք ևս մեկ թաքնված պրոբլեմ, երբ գործ ունենք  բարեկիրթ գործատուների հետ, որոնք կցանկանային տարեց տարի բարձրացնել լավ աշխատողների աշխատավարձերը, ապա հիմա զրկվում են այդ հնարավորություից, քանի որ երկու տարի նրանք ստիպված են պահպանել գոնե աշխատողի զուտ աշխատավարձը չնվազելուց:

Այսպիսով 2010թ-ի դեկտեմբերի 22-ին ընդունված վերոհիշյալ երկու օրենքները, բարձրացրեցին ընդվզման ալիք միայն 2013թ-ի վերջին, ընդվզումը սկսվեց հիմնականում ՏՏ ոլորտի աշխատակիցների կողմից, մինչ այժմ լռում են Գործատուները, ավելին կան գործատուներ, որոնք հարմարվում են մեր երկրի իշխանություններին, բայց օրենքների հետադարձ փոփոխություններ սպասելն արդեն ակնհայտ է, որ իլյուզաների շարքից է:

Մեր երկրի իշխանությունները առաջնորդվում են միայն ցուցանիշներով, հեռու մնում սովորական հայ քաղաքացու հետ անմիջական շփումից, իրական կյանքով ապրելուց, և ապահովելով ԵՐԿՐՈՒՄ ՍԻՐՈՒՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ,  չեն հրաժարվի այս երկու օրենքներից:

Համադրելով մի քանի ցուցանիշներ՝ արտագաղթը, ծնելիության 1.2 գործակիցը (ազգի վերարտադրություն ապահովելու համար անհրաժեշտ է 2.1 գործակից),  ՀՀ-ում առկա մոտ 2,8 մլն բնակչությունից մոտ 500 հազարը թոշակառու, նպաստառու են, ըստ վերոհիշյալ ֆինանսների նախարարության «Պետական բյուջեի կատարման վերլուծություն 2013թ-ի 1-ին կիսամյակ» փաստաթղթի, հունվար-հունիս ամիսների ծախսերի 33.7 տոկոսը ուղղվել է նպաստերին և կենսաթոշակներին, տեսնում ենք որ պատկերը հուսադրող չէ:

Այսինքն այսօր մենք տեսնում ենք, որ երկիրը ռեֆորմի կարիք ուներ, որպեսզի ապահովի հետագա կենսաթոշակի պարզ ֆինանսավորման հարցը: Իհարկե կուտակային կենսաթոշակային համակարգը շատ լուրջ համակարգ է, ունի իր դրական և արդար կողմերը, որի ներդրման համար պետությունը լուրջ ռեսուրսներ է ծախսել: Եթե այսօր մենք չներդնենք այս համակարգը, վաղը մեր երեխաների համար ավելի ծանր է լինելու այդ համակարգը ներդնելու համար: Իսկ այսպիսի համակարգ վաղ թե ուշ ներդրվելու է, քանի որ աշխարհը գնում է դրան, հրաժարվելով հայրեր-որդիներ համերաշխության սկզբունքից, այսուհետ ով ինչքան վճարի այնքան էլ կստանա:

Մեր երկրի իշխանություններն անտեսել են մի կարևոր հանգամանք, մեր երկրի ժողովրդի գերակշռող մասի համար այդ 5 տոկոսը, գումարած դրան, ֆոնդերի կառավարիչներին վճարվելիք մինչև 1.5 տոկոս սպասարկման վարձավճարները լուրջ բեռ է: Որպես լավություն պետությունը գովազդում է այն փաստը, որ ինքն էլ իր կողմից 5 տոկոս նվեր է տալիս մեր կուտակային ֆոնդին, բայց չէ որ այդ 5 տոկոսն էլ ենք մենք վճարում եկամտային հարկի տեսքով պետական բյուջե:

Հ.Գ.
Որպեսզի կրքերը հանդարտվեն.

1. կուտակային կենսաթոշակային ֆոնդին կատարվելիք 5 տոկոս և ավելի վճարները, իշխանությունները կարող են և պետք է զիջեն ՀՀ պետական բյուջե ուղղվող Եկամտային հարկից: Չէ որ, ֆինանսների նախարարության կողմից հրապարակած վերոհիշյալ վերլուծությունից պարզ է որ եկամտային հարկի մուտքերը աճել են 24.4 տոկոսով:

2. իշխանությունները կուտակային կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչներին պետք է  պարտադրեն վերջիններիս ներդրումներ կատարել հենց սոցիալական ոլորտում, մասնավորապես երիտասարդ ընտանիքներին տարեկան 5 տոկոսով բնակարանային վարկեր առանցկանխավճարի, որոնք ունեն մեկ և ավելի երեխա: Այս կերպ կխրախուսվենք մենք բոլորս, իմանալով որ մեր վճարումները օգնում են ևս մեկ հայ ընտանիքի ձևավորմանն ու կայացմանը, արտագաղթի նվազեցմանը:

Հակոբ Ավագյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here