Ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով հազարավոր ուկրաինացիների հետ մասնակցում է Կիևի կենտրոնում ընթացող շուրջօրյա բողոքի ակցիաներին, Վիկտոր Յանուկովիչի հետ չկայացած հանդիպումից առաջ սպառնացել է Ուկրաինայի նախագահի խորհրդականներին։
«Իր խոսքը Վիտալի Կլիչկոն սկսեց սպառնալիքով, որ շուտով գալու է իր քաղաքականության ժամանակը։ Մենք նրան առաջարկեցինք վախեցնել իր քաղաքական գործընկերներին, քանի որ այստեղ պետք չէ ինչ-որ մեկի վախեցնել։ Այստեղ նրանից ոչ ոք չի վախենում, միայն հարկավոր է գնալ փոխզիջման», — Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Նշենք, որ ավելի վաղ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական Անդրեյ Պորտնովը հայտարարել էր, որ զբաղվածության պատճառով նախագահը չի կարողացել հանդիպել Կլիչկոյի հետ և հանձնարարել է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման աշխատանքային խմբին քննարկել խնդրահարույց հարցերը ընդդիմադիր գործչի հետ։