ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկրում բարձր պաշտոնների կարող են հավակնել նրանք, ովքեր «ծանոթ» ունեն կամ համապատասխան ծառայություն են մատուցել իր ընտրությունների ժամանակ: AraratNews.am-ը արդեն տեղեկացրել էր, որ արդարադատության խորհուրդը դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում քննություններ էր անցկացնում` քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումների համապատասխան թեկնածուներ ընտրելու համար: Գրավոր և բանավոր քննությունից հետո Արդարադատության խորհուրդն ամփոփել է արդյունքները և ըստ այդմ ընտրել համապատասխան մասնագիտացման բաժնի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած հավակնորդներին: Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ Վարչական դատարանի միակ թափուր տեղի համար, որպես հավակնորդ ընտրված Գրիգոր Առաքելյանի անվան շուրջ բավականին աղմկալի պատմություններ են շրջանառվում, և որ նա դատավոր պետք է դառնա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անվերապահ աջակցության շնորհիվ: Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որտեղ հաստատել է Գրիգոր Առաքելյանին՝ որպես դատավորի թեկնածու: Հասկանալի է, որ «ծանոթով» կամ մատուցած ծառայությունների դիմաց նշանակված դատավորը նույնպես անհրաժեշտության դեպքում պետք է իրեն նշանակած մարդու ծանոթներին և բարեկամներին աջակցի, երբ նրանց գործը հասնի իր «դուռը», այնպես որ պետք է փաստել, որ սովետական լավագույն ավանդույթները հաստատուն կերպով շարունակվում են անկախ Հայաստանում: