Եթե ցանկացած հարց մերժվում է իշխանությունների կողմից, նույնիսկ կենցաղային հնչեղություն ունեցող հարց, ապա մնում է իշխանություններին փոխելու տարբերակը: Այսօր այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Եթե իրենք ամենանվազագույն հարցերով ի վիճակի չեն առաջ գնալու, խնդիրները լուծելու բանալին մնում է իշխանություններին փոխելը: Այս խնդիրը դառնում է գերակա: Այս ամենը կուտակվելով արդյունք է տալու: Որոշ մարդիկ ունեն դեռ սին պատրանքներ, հույսեր, որոնք կապում են այս իշխանության հետ, բայց եթե դժգոհության ալիքը ուղղորդվի, ավելի գիտակցված դառնա, ապա իշխանափոխությունը կդառնա գիտակցված»,-ասում է Ռուստամյանը:
Ըստ նրաˋ իշխանափոխության գաղափարն ունեն բոլոր ոչ իշխանական ուժերը, բայց հարցեր կան, թե ինչպես գնալ դրան, ինչպես անել, որ իշխանությունները փոխելուց հետո նույն վիճակը չկրկնվի:
«Մտածում ենք այնպիսի համակարգ ձեւավորելու մասին Հայաստանում, որ որեւէ անհատի կամ քաղաքական ուժի քմահահույքից երկիրը իր ընթացքը չփոխի: Այս ուղղությամբ համագործակցությունը պետք է տանել, քննարկումներ կան այս առումով համատեղ: Մինչ այս համատեղ նախաձեռնություններով հանդես գալը, եղել են թաքնված լուրջ քննարկումներ, բանակցություններ, կոսնուլտացիաներ: Վերջիվերջո, չի եղել, որ 4 քաղաքական ուժ, տեւական ժամանակ, թեկուզ մեկական հարցերով միասնական հանդես գան, եւ սա պետք է պահպանել»,- ասում է Ռուստամյանը:
Լրագրողների այն հարցին, թե սպասվում է քաղաքական առումով թեժ գարուն՝ Ռուստամյանը պատասխանեց.
«Թեժությունը սեզոնային բնույթ չի կրում Հայաստանում եւ կլիմայական պայմանների հետ կապ չունի: Գնալով այնքան է թեժանում, որ ցանակացած պահի կարող է պայթել եւ լուրջ հետեւանքների հանգեցնել: Պարզապես իշանություններին ձեռք չի տալիս այդպես ներկայացնել իրավիճակը»: