Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess շախմատային մրցաշարի նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ։
Հաղթանակի դեպքում Արոնյանը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, անկախ մրցակիցների ցուցաբերած արդյունքից, կնվաճեր չեմպիոնի կոչումը, քանի որ առաջին 9 տուրերից հետո Լևոնը 7 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը և 1.5 միավոր ավելին ուներ, քան 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Գիրին, Կարուանան, Դոմինգեսը և Կարյակինը։
Արոնյանը շատ վստահ պարտիա անցկացրեց և խաղի 42-րդ քայլում մրցակցին ստիպեց հանձնվել։
Այսպիսով, մրցաշարի ավարտից 1 տուր առաջ Լևոն Արոնյանը, 10 խաղում չկրելով ոչ մի պարտություն և հավաքելով 8 միավոր, չեմպիոնական մրցավազքում անհասանելի դարձավ մրցակիցների համար։