Վերջին մի քանի օրերի ընթացքում Լիբիայում Եգիպտոսի դեսպանատան 6 աշխատակիցներ առևանգվել են։ Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրան», այսօր գերի են ընկել մշակույթի ու վարչական հարցերով և դեսպանատան առևտրի հարցերով կցորդները, ինչպես նաև դիվանագիտական առաքելություն իրականացնող 3 աշխատակիցներ։ Միջադեպի մանրամասներն առայժմ հայտնի չեն։
Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տարհանում է Լիբիայում իր դեսպանատան աշխատակիցներին։ Տրիպոլիի օդանավակայան է ժամանել հատուկ ինքնաթիռ, որով դիվանագետները կվերադառնան հայրենիք։
Նշենք, որ առևանգումների հետևում կանգնած են իսլամիստնրը։ Տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ նրանք ցանկանում են դիվանագետներին փոխանակել լիբիացի գրոհային Շաաբան Հադիյայի հետ, ով նախկինում գլխավորել է հեղափոխականների խմբավորումները։ Վերջերս նրան ձերբակալել են Ալեքսանդրիայում. նրան մեղադրում են ահաբեկչության մեջ ներգրավված լինելու մեջ։