Իսրայելը 20 մլն դոլար է առաջարկել Թուրքիային՝ որպես փոխհատուցում 2010 թվականին «Ազատության նավատորմի» վրա կատարած հարձակման արդյունքում պատճառած վնասի։ Այս մասին գրում է իսրայելական «Հաարեց» թերթը։
Պարբերականի ունեցած տվյալներով, կողմերը դեռ համաձայնության չեն եկել, սակայն բանակցություններում նկատվում է հստակ առաջխաղացում։ Փոխհատուցման դիմաց Իսրայելը պահանջում է դադարեցնել Թուրքիայում դատական հետապնդումը «Ազատության նավատորմի» գործողություններին մասնակցած իսրայելցի զինծառայողների նկատմամբ։
Բացի այդ, չի բացառվում՝ Իսրայելը, որն ավելի վաղ փոխհատուցման համար պատրաստ էր ծախսել 15 մլն դոլար, իսկ այժմ այն հասել է 20-ի, կարող է անհրաժեշտության դեպքում ևս 3 մլն դոլար ավելացնել։
Առայժմ հայտնի չէ, թե պաշտոնական Անկարան քննարկելու է Իսրայելի այս առաջարկը, թե ոչ։
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 31-ին Իսրայելի հատուկ նշանակության ջոկատները գրոհեցին Գազայի հատված մարդասիրական օգնություն փոխադրող «Ազատության նավատորմի» «Մավի Մարմարա» նավի վրա, որը հրաժարվել էր կատարել իսրայելական կողմի պահանջները և չնավարկել այդ ուղղությամբ։ Գրոհի ժամանակ 9 թուրք էր սպանվել։ Վիրավորներ կային նաև իսրայելցի զինծառայողների շրջանում։