տուն Լուրեր «Ինքն իրեն է ցուցադրել»` թուրքագետը Օքթայի` ՀՀ վարչապետի և Գարեգին Բ-ի հետ...

«Ինքն իրեն է ցուցադրել»` թուրքագետը Օքթայի` ՀՀ վարչապետի և Գարեգին Բ-ի հետ միասին լուսանկարների մասին

197
0

v2

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում թուրքագետ Հակոբ Չաքրյանն, անդրադառնալով  համացանցում լայն տարածում գտած թուրք ազգայնամոլ Հասան Օքթայի լուսանկարներին, նախ նշեց, որ նա «հյուրընկալվել է» հենց իր տանը, ինչը լրագրողների մոտ անհանգստության առիթ է դարձել: Նրա խոսքով` համացանցում տարածված լուսանկարները ոչ թե առանձնահատուկ ինչ-որ բան են նշանակում, այլ պարզապես Օքթայն ինքնահաստատման խնդիր ունի, որի պատճառով էլ տարածել է այդ նկարները: Հիշեցնենք, որ համացանցում բուռն քննարկումների առիթ են հանդիսացել  նախ Հանրապետության հրապարակում նրա և ընկերոջ լուսանկերները, որտեղ նրանք ցուցադրել են թուրքական ահաբեկչական «գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը, որից հետո սոցցանցերում տարածվեցին նաև  Օքթայի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն Հայոց  կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ նկարված լուսանկարները: «Ինքն իրեն է ցուցադրել: Ցանցառություն և լկտիություն, որը հօգուտ Թուրքիայի չէ»,- անդրադառնալով լուսանկարներին՝ շեշտեց բանախոսն, ընգծելով, որ այդ նկարներով Օքթայն ուզում է ադրբեջանցիներին ցույց տալ, որ հայերի հետ է «ախպերանում», ինչը բավականին զայրացրել է ադրբեջանցիներին: Թուրքագետի խոսքով` դա լուրջ վնասներ  է հասցրել նաև թուրքական Անադոլու գործակալության վարկանիշին:

Ինչ վերաբերում է Չաքրյանի անվտանգությանն, ապա թուրքագետը նշեց, որ այստեղ մտահոգվելու կարիք չկա: «Հայաստանում որևէ թուրքից վախենալու խնդիր չունեմ»,- հավելեց նա, ընդգծելով նաև, երբ խոսքը հայերի կամ Հայաստանի մասին է, բոլոր թուրքերն են ազգայնական դառնում: Անդրադառնալով Կովկասի ռազմավարական կենտրոնին, որը ղեկավարում է Հասան Օքթայը, թուրքագետը համոզմունք հայտնեց, որ այն ևս ազգայնամոլ է համարվում, իսկ դա նշանակում է, որ Օքթայը նույնպես վարում է «գորշ գայլերի» քաղաքականության ռազմավարությունը: «Այն նաև նեոֆաշիստական կազմակերպություն է, որի երբեմնի առաջնորդը Ասփարսլան Թյուրքեշն է»,- հավելեց նա` շարունակելով, որ այդ կուսակցությունը երկար տարիներ համագործակցել է Թուրքիայի գաղտնի ծառայությունների հետ և բնական է, որ այդ նկարները համացանցում հայտնվելուն պես, խոսք պետք է  լիներ նաև գաղտնի ծառայությունների մասին: «Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թյուրքեշը եղել է գաղտնի ծառայությունների կենտրոնական վարչության անդամ: Իսկ 70-80-ականներին աշխատել է ընդդեմ ԱՍՍԱԼԱ-ի: 90-ականներին Ազգայնական շարժում կուսակցության անդամներ Օքթայն ու Թյուրքեշը բազմաթիվ թուրքերի գործուղել են Ղարաբաղ` կռվելու ընդդեմ հայերի, սակայն այդ ժամանակ, նրանք հանդիպելով հայ զինվորներին, զենքը վայր են դրել ու «շան պես» վախից  փախել են»,- մանրամասնեց թուրքագետը` նկատելով, որ այդ կազմակերպության կողմից ուղարկված թուրք զինվորները հիմնականում կռվել են Խոջալուում և Շուշիում: Ինչ վերաբերում է գաղտնի ծառայությունների հետ համագործակցելուն, ապա թուրքագետը դժվարացավ հստակ որևէ բան ասել, սակայն նկատեց, որ Օքթայը հաճախակի է լինում Հայաստանում, իսկ դա հենց այնպես լինել չի կարող: «Եթե գալիս-գնում է Հայաստան և դրա համար չեն անհանգստանում, դա նշանակում է, որ նա գաղտնի ծառայությունների կողմից հավանություն է ստացել»,- հավելեց նա:

Անդրադառնալով Հասան Օքթայի Հայաստան կատարած հերթական այցին` թուրքագետը նշեց, որ նա Հայաստան է ժամանել օրերս: Նրա հավաստմամբ` Օքթայի այցը զուտ գործնական բնույթ է կրում: «Օքթայն առաջարկել է՝ Հայաստանում բացել Անադոլու գործակալության գրասենյակ»,- ասաց թուրքագետն, ընդգծելով, որ արդեն ծանոթ են նրանց առաջարկներին: Թուրքագետի համոզմամբ`եղել են նաև առաջարկներ իր կողմից, բայց  հարց է` այդ գրասենյակը կբացվի, թե ոչ: «Ասել եմ` հնարավոր է թույլ տան, որ գրասենյակը բացվի, բայց պայմանով, որ այդ գործակալությունում կաշխատի նաև հայ լրագրող, ով կօգտվի բոլոր այն հնարավորություններից, ինչ թուրք լրագրողը»,- նշեց թուրքագետը:

Նրա խոսքով` Օքթայը պարզապես հանդիսանում է ուղեկցորդ, ով ուղեկցում է Անադոլու  գործակալության արտաքին լուրերի բաժնի խմբագիր Օգյուն Դուլուին: Թուրքագետի համոզմամբ` վերջինս շատ բարեկիրթ անձնավորություն է և հանդիսանում է ազգայնական կուսակցության վարչության անդամ: «Նրանից հետաքրքրվեցի, թե ինչու են ուզում գրասենյակ բացել հատկապես Հայաստանում. որովհետև այն խնդրահարույց երկի՞ր է, թե՞ կա որևէ այլ պատճառ։ Որին ի պատասխան Դուլուն նշեց, որ «ոչ միայն դրա համար»,- մանրամասնեց թուրքագետը:

Չաքրյանի համոզմամբ` դա շատ բնական է, և թուրքերը  երրորդ երկրից Հայաստանի մասին լուրեր ստանալու փոխարեն, նախընտրում են Հայաստանում սեփական թղթակիցն ունենալ, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Թուրքիան լրջագույնս պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին: «Նրանք պետք է համաձայնության գան ՀՀ ԱԳ նախարարության հետ, և հարց է արտգործնախարարությունը կտա իր համաձայնությունը, թե ոչ: Թուրքերն ուզում են միայն պաշտոնական լուրեր ստանալ, որը պետք է անգլերեն լեզվով թարգմանվի: Նրանք ցանկություն են հայտնել նաև վերլուծական լուրեր հրապարակել, սակայն դա շատ բարդ է, որովհետև լեզվի խնդիր կա»,- նշեց Չաքրյանը` հստակեցնելով նաև, դա շատ դժվար աշխատանք է, ու թեև թուրքերը վստահեցրել են, թե փաստերը չեն խեղաթյուրվի, բայց դա շատ խիստ կասկածելի է: «Հնարավոր է այդ աշխատանքը տապալվի: Եթե փաստերը խեղաթյուրվեն, ապա այդ գրասենյակը դեռ չբացված՝ կփակվի: Իսկ եթե բացեն, պետք է անպայման լինի նաև հայ թղթակից»,- մանրամասնեց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here