Ինչպես ավելի վաղ տեկացրել էինք, այսօր Նոյան-Տապան մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Ներազգային Ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը մեղադրել էր ՀայՌուսգազարդ ընկերությանը՝ Հայաստանի քաղաքացիներին անորակ, ազոտով խառնված գազ մատակարարելու մեջ: Այս հարցի շուրջ կոնկրետ պարզաբանում ստանալու համար Araratnews.am-ի լրագրողը զրուցել է ՀայՌուսգազարդի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի հետ: Տիկին Սարդարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Մարտիրոսյանի հայտարարություններին արդեն ծանոթ է, և որ դրանք որևէ փորձագիտական հետազոտություն չեն պարունակում իրենց մեջ:«Մեզ ասել են, լսել եմ, բայց այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չունենք, ինքը կարող է ասուլիս հրավիրել, հեքիաթներ պատմել, մենք չենք կարող ամեն բան մեկնաբանել»,- ասել է Սարդարյանը: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ՀայՌուսգազարդը դիմել է դատարան՝ Վահան Մարտիրոսյանի հայտարարության առիթով,տիկին Սարդարյանը պատասխանել է, որ իրենք ասել են «կամ ապացույցներ թող ներկայացնի, կամ էլ մենք կվարվենք այնպես, ինչպես սահմանված է օրենքով»: «Ինչ վերաբերում է գազի կալորիականությանը, մենք որոշել ենք գազի կալորիականության ստուգումներ անցկացնել ցանկացած նախաձեռնող խմբի հետ, նրանց իսկ դիմումով, և արդեն իսկ նման ստուգում եղել է, որի մասին պատշաճ ներկայացվել է հանրությանը»:
Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ Վահան Մարտիրոսյանն ասել էր. «Դեկտեմբերի սկզբներից Հայաստանի տարբեր շրջաններից ունեցանք տեղեկություններ, որ գազի որակն ընկել է: Փորձեցինք պարզել թե ինչն է պատճառը: Մեզ ներսից այս հարցում աջակցող մարդ եղավ, ում անունը չեմ կարող նշել, ով մեզ տեղեկացրեց, որ գործի է դրվել սարք, որը մեթանի հետ ազոտ է խառնում՝ գցելով գազի կալորիականությունը: ՀայՌուսգազարդից ինձ հետ կապվեցին, փորձելով ապացուցել, որ նման բան գոյություն չունի»:
Արմեն Մկրտչյան