«Ես կարծում եմ Հայաստանի Մաքսային Միությանը անդամագրվելու պրոցեսը անդառնալի չէ, քանի որ Հայաստանն ասում է, որ գնում է, բայց դա պահանջում է որոշակի ժամանակ: Ես կարծում եմ, որ եթե չենք ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, գոնե չշտապենք Մաքսային միության անդամ դառանլու հարցում: Ուկրաինայում կատարվող իրադարձությունները,իմ համոզմամբ, իր դերը կունենա այս պրոցեսի վրա: Ի վերջո Ուկրաինան կստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը և կավարտի այդ պրոցեսը, ու մենք նոր իրավիճակ կունենանք: Հուսանք, որ մինչ այդ, Հայաստանը չի դառնա Մաքսային միության անդամ: Մի բան հաստատ է, երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, նա զրոյացրեց այն օրակարգը, որը կար Հայաստանի եւ Եվրամիության միջև: Հիմա մենք չունենք օրակարգ»,- անդրադառնալով Հայաստան-ԵՄ հետագա հարաբերություններին՝ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը AraratNews.am-ի հետ զրույցումˋ ավելացնելով, որ ներկայումս պարզ չէ, թե ինչ է տեղի ունենալու: Ստեփան Գրիգորյանը նաև նշեց, որ հիմա եվրոպական կողմը Հայաստանի կողմից է սպասում քայլերի. «Եվրոպական կողմն ասում էˋ դուք սառեցրիք հարաբերությունները, այս ռեալ ծրագրից դուք հրաժարվեցիք, ապա խնդրում եմ ասեք, թե ինչ ծրագիր եք դուք առաջարկում, որի շուրջ կարող ենք համագործակցել: Պարզ ասեմ, այսօր իշխանություններն էլ են անորոշ իրավիճակում: Հիմա ԵՄ-ի հետ Հայաստանը համագործակցում է կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, իսկ գլոբալ և լուրջ ծրագրերը մենք դադարեցրինք»,- ասաց քաղաքագետըˋ հույս հայտնելով, որ Հայաստանը Մաքսային միության անդամագրության հարցում չի շտապի և կփորձի ժամանակ ձգձգել, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում և ըստ այդ իրավիճակի քայլ կատարի: