Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախապատրաստում են երկու երկրների նախագահների հանդիպումը. այս մասին արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են երկու կողմերն էլ: Ինչ սպասել այդ բանակցություններից, արդյոք դրանք որևէ տեղաշարժ կարձանագրեն,- այս հարցերի մասին AraratNews.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանի հետ:
«Ըստ ինձ, առաջընթաց չի լինի, քանի որ գոնե տեսանելի առաջընթաց ոչ ոք չի գրանցել համանախագահ երկրներից, ապա անիմաստ է առաջընթացի հույս ունենալը: Միայն ու միայն ԱՄՆ ներկայացուցիչն է ասել, որ խաղաղությունը հնարավոր է, եթե միայն մեկ համանախագահն է նման համոզմունք հայտնում, բնավ այդ հանգամանքը հիմք չի ծառայում կարծելու, որ բոլոր երեք համանախագահները համակարծիք են»,- ասաց քաղաքագետը մեզ հետ զրույցի ընթացքումˋ ավելացնելով, որ երեկ տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանը առաջարկում է վերջնական և հիմնարար նոր համաձայանգրի մշակում.«Ես կարծում եմ բանակցությունների ներկա տրամաբանությունը չպետք է վերանայվի մինչև չիրականացվեն տխրահռչակ Մադրիդյան համաձայնագրի սկզբունքները, որից խույս է տալիս Ադրբեջանը: Մադրիդյան սկզբունքների համաձայն, վերջնական համաձայնագիրը պետք է ստորագրվի և հաստատվի Մինսկի կոնֆերանսի շրջանակումˋ միայն նրանից հետո, երբ կատարվեն բոլոր նախորդ կետերը, որոնցից մեկը Ղարաբաղում հանրաքվեի անցկացումն է, որի հետ պետք է հաշվի նստեն և´ հակամարտող կողմերը, և´ միջնորդ երկրները: Ադրբեջանը հիմա կրկին փորձ է անում տապալել այդ գործընթացը, որը շատ ավելի շուտ համաձայնեցրել էր: Եվ այս դեպքում հայկական կողմը կտրականապես պետք է դեմ լինի շեղումից, քանի դեռ չեն իրականացվել նախորդ պարտավորությունները»,- ասաց քաղաքագետը: