Վերջին օրերին Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն ՀԿ են դիմել բազմաթիվ հարկատուներ, ովքեր մտահոգ են պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների հետ կապված ստեղծված իրավիճակով և դժվարանում են կողմնորոշվել, թե ինչպիսին պետք է լինեն իրենց գործողություններն այս դեպքում:
Չնայած կազմակերպությունն արդեն իսկ հանդես է եկել առկա իրավիճակի` իրավական տեսանկյունից վերլուծությամբ և փորձել ձևակերպել հարկատուների (Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքի իմաստով` հարկային գործակալների) գործողութոյւնները, որոնք մեր կարծիքով հնարավորություն կտան գործատուներին մի կողմից մնալ առկա իրավական կարգավորումների դաշտում, իսկ մյուս կողմից չխախտել իրենց այն աշխատակիցների օրինական շահերն ու իրավունքները, ովքեր առայժմ` մինչ ՍԴ կողմից վերջնական որոշման կայացումը, չեն ցանկանա կատարել պարտադիր կուտակային վճարներ և/կամ ընտրել համապատասխան կառավարիչների և ֆոնդեր:
Այնուամենայնիվ, պետական կառավարման մարմինների, մասնավորապես ՊԵԿ և ԿԲ, ու պաշտոնյաների` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրապարակային հայտարարությունները, որոնցում հայտնվում է կուտակային վճարներն այնուամենայնիվ հաշվելու և առնվազն պահելու պարտավորության առկայության մասին, ոչ միայն չեն պարզաբանել իրավիճակը, այլև նոր հարցեր են առաջացրել:
Հարկատուները չեն կարողանում հասկանալ, թե այդ որ իրավական ակտի և որ նորմի պահանջով է, որ իրենք այնուամենայնիվ պարտավոր են կատարել պարտադիր կուտակային վճարների հաշվարկներ և պահումներ: Կամ եթե նույնիսկ այդպիսի նորմ կա, ապա ինչ է սպասվում իրենց, եթե այնուամենայնիվ չկատարեն:
Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն ՀԿ-ն, գտնելով, որ վերը նշված պետական մարմինների և պաշտոնյաների հայտարարությունները կարող են ծառայել իրենց նպատակին, եթե միայն ներկայացվեն դրանցում կատարված պնդումների վերաբերյալ համապատասխան իրավական հիմնավորումներ` համապատասխան իրավանորմերի նշումներով, և որ դա կօգնի գործատուներին կողմնորոշվել ստեղծված իրավիճակում ու խուսափել անհարկի բարդություններից, համապատասխան հարցումներով դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահին, ՀՀ ԿԲ Նախագահին և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին (պատասխաններում նշելով համապատասխան իրավական նորմերը).
— ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպիսի՞ իրավական հետևանք է նախատեսված այն գործատուների համար, ովքեր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի դրույթների համաձայն հանդիսանում են հարկային գործակալ, սակայն 2014թ. հունվար և փետրվար ամիսների համար իրենց աշխատակիցներին վճարվելիք ԱՎՈՒՄ գումարներից չեն հաշվարկի նույն օրենքով սահմանված դրույքաչափերով հաշվարկվող պարտադիր կուտակային վճարները,
— ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպիսի՞ իրավական հետևանք է նախատեսված այն գործատուների համար, ովքեր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի դրույթների համաձայն հանդիսանում են հարկային գործակալ, սակայն 2014թ. հունվար և փետրվար ամիսների համար իրենց աշխատակիցներին վճարվելիք ԱՎՈՒՄ գումարներից կհաշվարկեն նույն օրենքով սահմանված դրույքաչափերով հաշվարկվող պարտադիր կուտակային վճարները, սակայն չեն կատարի դրանց պահումն առձեռն վճարվող ԱՎՈՒՄ գումարներից:
Մեր կողմից ակնկալում ենք, որ հարցումների պատասխանները կլինեն հստակ և կստացվեն հնարավորինս արագ, քանի որ նշված պետական մարմիններն իրենց հայտարարություններում հետապնդել են շահագրգիռ կողմերին օգնելու նպատակ և թերևս շահագրգռված կլինեն իրավիճակի հստակեցման մեջ:
Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն
Հ.Գ. մեր կողմից հայտնում ենք, որ պատասխանները կհրապարակայնացվեն դրանք օգտագործողների առավել լայն շրջանակներին հասանելի դարձնելու նպատակով: