Ինչպես գիտենք, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրխանյանը հայտարարել է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 13-ին, «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության կենտրոնական գրասենյակում կունենա ԲՀԿ 7-րդ հերթական համագումարը: Զարմանալի ու աննախադեպ հայտարարություն է, քանի որ անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ հզոր կուսակցություն չի սահմանափակվել իր գրասենյակում համագումար անելով, ավելին՝ վերջին տարիներին ավանդույթ է դարձել նաև Մարզահամերգային համալիրում համագումարներ անելը: Սակայն հաջորդ զարմանալի մասը հայտարարության մեջ այն է, որ համագումարը փակ ռեժիմով է ընթանալու, «հյուրեր» չեն լինելու: Այս ամենն, եթե նայում ենք վերջին ամսվա ընթացքում մեծ թվով կուսակցականների տոմսեր հանձնելու, խորհրդարանական ընդդիմությանը խորհրդարանական ոչ իշխանության`ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ դաշինքի փոխելու ու այդ թիմում ղեկավար դիրք զբաղեցնելու ֆոնին, մեղմ ասած զարմանալի է: Քաղաքագիտական որոշ վերլուծություններում ասվում էր, որ ԲՀԿ հաջորդ համագումարում ներքին իշխանափոխություն է լինելու, և Գագիկ Ծառուկյանն իր տեղը զիջելու է Վարդան Օսկանյանին: Իհարկե, դրանք զուտ վերլուծություն էլ կմնան, մինչև համագումարը չկայանա, սակայն մի բան ակնհայտ է` ԲՀԿ-ի ներսում ինչ- որ բան այն չէ: Բայց միևնուն ժամանակ, կարծես թե չի արդարանա նաև վերլուծաբանների այն տեսակետը, որ ԲՀԿ համագումարում Ռոբերտ Քոչարյանը կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին, քանի որ դժվար թե Քոչարյանը որոշեր ինչ-որ կոնյակի գործարանի օֆիսում հայտարարել իր վերադարձի մասին: Մնում է սպասել,մ տքում պահելով հայտնի ասացվածքը` փոթորիկից առաջ միշտ էլ խաղաղ է լինում:
Արմեն Մկրտչյան