Այսօր Ազգային Ժողովի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի բացմանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանին՝ կապված 2013- դեկտեմբերի 26-ին տնտեսագիատական համալսարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:
«Դուք ՀՀ տնտեսագիտական համալսարանի ղեկավարն եք եւ անցած տարի, դեկտեմբերի 26-ին, տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի, այսպես կոչված, ատենախոսության պաշտպանությունը, եւ հետեւելով ու ավելի խորը ուսումնասիրելով այդ խուլիգանների որջը, կարելի է ասել, որ այն ղեկավարվում է հենց ռեկտորի կողմից»,-ասաց Փաշինյանը:
Նա հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին, թե ինչու՞ մինչեւ հիմա հեռացված չեն այդ խուլիգան ուսանողները եւ ինչու հեռացված չէ տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը:
«Միթե՞ այն պատճառով չեն հեռացված, որ իրենք ունեն լուսանկարներ Սերժ Սարգսյանի եւ ձեզ հետ: Եւ դա իրենց թույլ է տալիս քրեական օրենսգրի հոդվածները խախտելո՞ւ: Ինչու՞ նրանք չեն հեռացվել եւ չեն ենթարկվել քրեական պատասխանատվության»,-ասաց Փաշինյանը:
Ի պատասխան Հովիկ Աբարահամյանը ասաց, որ չի կիսում Նիկոլ Փաշինյանի տեսակետները եւ վերջինս դուրս է գալիս «կոռեկտության սահմաններից»:
«Դուք միշտ փորձում եք վիրավորելով մարդկանց՝ ձեր հեղինակությունը բարձրացնել, որը հիմնավոր չէ եւ ճիշտ չէ: Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցածը ավելի շատ շինծու գործողություններ են եղել՝ վարկաբեկելու համար Տարոն Մարգարյանին»,- ասաց Աբրահամյանը:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ մեկնաբանեց Հովիկ Աբրահամյանի պատասխանը նշելով, որ.
«Եթե տնտեսագիտական համալսարանի ուսանողները այդ կերպ վարկաբեկում էին Տարոն Մարգարյանին, ինչպես դուք եք ասում, թող Տարոն Մարգարյանին հայհոյեին, ինչո՞ւ էին լրագրողներին հայհոյում»: