Հայաստանի ֆինանսների նախարարությանը հաջողվել է նախորդ տարվա վերջին էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքով՝ արձանագրվել է պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազում՝ միջինը 4.5 տոկոսային կետով: Եթե, օրինակ, 2013թ հունվարին պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 14.2% էր, ապա այս տարվա հունվարին այն շուրջ 9.6% է եղել, իսկ 20 տարվա ժամկետով պարտատոմսերի տոկոսադրույքը 16.4%-ից իջել է 11.6%-ի:
Նման նվազումը, ըստ նախարարի, նախ և առաջ պայմանավորված է նրանով, որ մեր թողարկած եվրապարտատոմսերի տոկոսադրույքը բավականին ցածր է և շարունակում է նվազել: Այսինքն՝ եթե երկիրը կարող է ցածր տոկոսադրույքով արտարժույթ ներգրավել, ապա չպետք է շատ բարձր տոկոսադրույքով սեփական դրամ ներգրավվի։ Միջազգային փորձը վկայում է, որ արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է շատ մեծ լինի: Նախարարի խոսքով, շարունակվելու են քայլեր ձեռնարկվել՝ դրամով և արտարժույթով (եվրապարտատոմսեր) թողարկված պարտատոմսերի եկամտաբերությունների միջև խելամիտ համաչափության հասնելու ու պահելու ուղղությամբ: