Մինչ շարունակվում է Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան միջկլանային ռազբորկան, որտեղ կողմերը բազարի մեջ մտցնում են նաև որոշ տնտեսական բաղադրիչներ և միմյանց վրա տնտեսական հակափաստարկներ են բերում, Տիգրան Սարգսյանը ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իր տնտեսական քաղաքականությունը, եթե դա կարելի է այդպիսին համարել, ոչ մի կերպ չի փոխվել վերջին 10 տարիների ընթացքում: Դեռևս 10 տարի առաջ, Տիգրան Սարգսյանի՝ Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակաշրջանում, վաճառվեց Հայաստանի ոսկու պահուստը, որը մինչ այժմ Սարգսյանը համարում է հաջող ձեռնարկ:
Հիմա էլ, արդեն վարչապետի պաշտոնում գտնվող Տիգրան Սարգսյանը, որոշել է վաճառքի հանել պետական գանձարանում առկա արժեքները: Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ աճուրդի կհանվեն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում պահվող արժեքավոր իրերը և, որպես հիմնավորում, բերվում է դրանց պահպանման ոչ արդյունավետությունն ու աննպատակահարմարությունը:
Գանձարանում պահվող արժեքների վաճառքի մտադրությունը բացատրվում է ՀՀ սոցիալական խնդիրներով՝ արտադրական, ֆինանսական կարիքները հոգալու պատրվակով: Այսպիսով ՀՀ կառավարությունը բացահայտորեն խոսում է իր իմպոտենտության մասին, իսկ ավելի ցինիկ ձևակերպում, քան արժեքավոր իրերի պահպանման անարդյունավետությունն է, հնարավոր չէ գտնել: Հետագայում, երբ պետք լինի արդարադատության առջև կանգնեցնել Տիգրան Սարգսյանին, հավանաբար կպարզվի, որ վերջինս անմեղսունակ է:
Սակայն այս նախագիծը բավականին հետաքրքրական է դառնում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին: Առաջինը դա ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ընթացող պայքարն է: Այս համակարգի ներդրման դեպքում կառավարությունը, հավանաբար, ձևավորվող ֆոնդերը դիտարկում էր որպես փոխառու միջոցներ ներգրավելու աղբյուր, սակայն պայքարի արդյունքում, օրենքի հետ կանչման պարագայում՝ կառավարությունը կհայտնվի կոտրած տաշտակի առջև:
Մյուս կողմից, երեկ Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի՝ 107 մլն դոլարի հայցն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության, որի բաժնետեր «Նաիրիտ» գործարանը, հետևաբար այս գումարն ամբողջապես պետք է մարի ՀՀ կառավարությունը:
Ճիշտ է վճիռը կայացվել է երեկ, սակայն այս արդյունքը կանխատեսելի էր ՏԻգրան Սարգսյանի և վերջինիս կաբինետի համար, քանի որ ընկերությունից նիստերին ոչ մի ներկայացուցիչ ներկա չի եղել, հետևաբար, միգուցե այս նոր պարտքի հետ է կապված առկա արժեքների վաճառքը:
Ինչևէ, այս ընթացքը ցույց է տալիս, որ Տիգրան Սարգսյանի և այս կառավարության գործունեության շարունակականությունը կհանգեցնի նրան, որ ի վերջո Հայաստանում որպես արժեք կմնան միայն այստեղ դեռևս ապրող մարդիկ: Այս պահին կարծես Տիգրան Սարգսյանի միակ պաշտպանը մնացել է Սերժ Սարգսյանը, և, հավանաբար, երկուսին էլ պետք է ուղարկել թոշակիˋ վերջիններից վերցնելով միլիոնավոր դոլարների հասնող կատարված «կենսաթոշակային» կուտակումները:
Նարեկ Ամյան