Մենք միշտ կունենանք նույնատիպ արդյունքներ, եթե չփոխենք մեր մոտեցումները բանակցային գործընթացում եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանըˋ անդրադառնալով երեկˋ Հայոց բանակի օրը, ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհված զինծառայողˋ 1994-ին ծնված Կարեն Գալստյանի դեպքին:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ամեն հարմար առիթ օգտագործում է՝ դիվերսիոն գործողություն կատարելու եւ սահմանում իրավիճակը ավելի սրելու համար, կարևոր չի՝ կլինի պետական տոն, թե միջազգային պաշտոնյաների հանդիպումˋ հայ-ադրբեջանական հանդիպումների ժամանակշրջանում»,-ասում է Մելիք-Շահնազարյանը:
Նա կարծում է, որ վաղը նույնպես կլինեն կորուստներ, եթե Հայաստանը չփոխի տրամաբանությունը Ադրբեջանի հետ հարբերություններում:
«Ինձ համար մեկ զինվորի կյանքը շատ ավելին արժե, քան Ադրբեջանի ողջ բանակը: Նման հարցերում համարժեքության մասին խոսելը, իհարկե, անիմաստ է: Պարզ է, որ պաշտոնական Բաքվի համար իրենց զինվորների կյանքը ոչ մի նշանակություն չունի, կարեւորը՝ պատրաստ լինեն զոհողությունների: Իսկ մեր կողմից կոշտ պատասխանը պետք է լինի ոչ միայն ռազմական ոլորտում, այլեւ՝ դիվանագիտական»,- ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Փորձագետի կարծիքով, անհրաժեշտ է դիվանագիտական դեմարշˋ այսինքն կասեցնել բանակցային գործընթացը այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի վերադառանա կոնստրուկտիվիզմի դաշտ:
«Հասկանում եմ, որ բանակցային գործընթացը Հայաստանի համար ավելի կարեւոր է, քան Ադրբեջանի, բայց այդ կարեւորությունը չի գերազանցի այն երիտասարդների կյանքը եւ մեր քաղաքացիների անվտանգությունը, որոնք փաստացի ամեն օր ենթարկվում են ադրբեջանական սադրանքների, եւ, ցավոք սրտի, նաեւ կորուստներ ենք ունենում: Ընդամենը հայկական կողմը չպետք է մասնակցի այդ բանակցային հանդիպումներին»։
Նրա կարծիքով, եթե հունվարին Էդվարդ Նալբանդյանը չգնար Փարիզ հերթական հանդիպմանը Մինսկի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործանախարարի հետ, իրավիճակը այլ ընթացք կստանար:
«Իսկ գնալով, մենք փաստացի «մարսեցինք» եւ ներեցինք Արմեն Հովհաննիսյանի կորուստը»,- եզրափակեց Մելիք-Շահնազարյանը:
Լիլիթ Առաքելյան