«Ինչու ապրիլի մեկը, այլ ոչ թե փետրվարի մեկը, այս հարցը բարձրացրել էր դատախազությունը, և իրենք նշել էին, որ իրենց աշխատանքների ամփոփումը կատարվում է հունվար ամսին, և խնդրել էին երկարաձգել ժամանակը, որպեսզի հնարավորություն ունենային ավելի բովանդակային զեկույց ներկայացնելու Ազգային Ժողովին»,-Ազգային Ժողովի իր ելույթի ընթացքում ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազության զեկույցի ԱԺ ներկայացման մասին:
Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի խոսքերին, նկատել է, որ ԱԺ-ում հանձնաժողովի նիստի ընթացքում ծավալված քննարկումների ժամանակ, նախարարի տեղակալը դատախազության զեկույցը չներկայացնելը հիմնավորել էր նրանով, որ այն քաղաքական կառույց չէ, և այդ իսկ պատճառով կարող է չներկայանալ Ազգային Ժողով: Պատգամավորը փորձել է ճշտել, թե ինչ է փոխվել, որ հիմա դատախազությունը ներկայանալու է Ազգային Ժողով: Սրան ի պատասխան արդարադատության նախարարը ասել է.«Մենք կողմ ենք, որ դատախազությունը հրապարակային ներկայացնի կառույցի գործունեությունը և պատասխանի պատգամավորների հարցերին: Ցավում եմ, որ իմ տեղակալի ներկայացման ժամանակ սխալ ընկալում է եղել, բայց նման դիրքորշում կառավարությունը երբեք չի ունեցել»: