Երեկ Նոր Խարբերդ գյուղում գտնվող «Լիլի» հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակել է ռեստորանային համալիրի տիրոջ` Գրիգոր Խաչատրյանի վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: «Ժողովուրդ»-ն Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կամո Կակոյանից պարզեց, որ սպանված Գրիգորն ապրում էր Այնթապ գյուղում եւ ուներ երկու դուստր, մեկ որդի. «Իր ռեստորանային համալիրը դստեր անունով էր կոչել՝ Լիլի: Շատ նորմալ տղա էր: Տեղյակ եմ, որ դստրերից մեկին ամուսնացրել է եւ ուղարկել ԱՄՆ: Նույնիսկ լսել էի, որ ինքն էլ է ուզում գնալ Ամերիկա»: Գյուղապետի խոսքով՝ դեպքից հետո Գրիգորի գիտակցությունը տեղն է եղել, եւ փորձել է իր անձնական մեքենայով ինքնուրույն հասնել հիվանդանոց, սակայն կորցրել է գիտակցությունը եւ չի կարողացել տեղ հասնել. «Նույնիսկ նրան օգնության հասած մարդիկ հարցրել են, թե ճանաչում ես՝ քեզ ով կրակեց, նա ասել է, թե չի ճանաչում»: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ (սպանություն) եւ 235-րդ (ապօրինի զենք պահելը) հոդվածների հատկանիշներով:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը