Քաղաքականության մեջ ոչ բոլորի մուտքն է լինում սպասված եւ տրամաբանական: Հատկապես վերջին տասնամյակում Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվում են այնպիսի գործիչներ, որոնց կենսագրականներում դժվար է գտնել դրանց տերերի արժանիքների մասին որեւէ էական հիշատակություն` հասկանալու համար, թե ինչով պայմանավորված վերջիններիս մուտքը քաղաքական դաշտ: Փոխարենը նմանատիպ գործիչների կենսագրականներն ուսումնասիրելիս հաճախ կարելի է հանդիպել ինչ-ինչ ազգակցական կապերի՝ քավոր-սանիկ, խնամի, աներձագ, փեսա, իսկ վերջին շրջանում՝ նաեւ քրոջ փեսա:
Ահա այսպիսի մի քրոջ փեսա էլ ունի ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Խոսքը վերջերս պատգամավոր դարձած Լեւոն Դոխոլյանի մասին է, ում հետ կապված` «Ժողովուրդ»-ը ժամանակին գրել էր, որ հարեւանները նրան «Քույրիկ Լեւոն» են ասում: Այս հրապարակումը խիստ նյարդայնացրել էր Դոխոլյանին. այնքան, որ վերջինս անցել էր հայհոյանքների մեթոդի կիրառմանը, հետո, սակայն, հավանաբար գիտակցելով հնարավոր հետեւանքները՝ ջնջել իր գրառումը եւ կուսակից Հովհաննես Մարգարյանի միջոցով փոխանցել, թե հնարավոր է՝ այդ գրառումը իր փոխարեն կատարած լիներ մեկ ուրիշը: Իհարկե, մեր երկրում շատ ու շատ բաներ են հնարավոր, հատկապես եթե հնարավոր եղավ Դոխոլյանին պատգամավոր դարձնել:
Իսկ թե որն էր Դոխոլյանի նման մեկին պատգամավոր դարձնելու տրամաբանությունը, դժվար է հասկանալ: Բանն այն է, որ Դոխոլյանի կենսագրությունն իր հարստությամբ աչքի չի ընկնում. 78-ին ծնվել է, 96-98-ին ծառայել ՀՀ ԶՈՒ-ում, 2009-ին ավարտել Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման բաժինը, իսկ 2011-ից սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի ասպիրանտուրայում: Հաճախել է տարբեր դասընթացների, ինչպես շատերը: Այստեղ պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Լեւոն Դոխոլյանը զինվորական ծառայությունն ավարտելուց 7 տարի անց՝ 27 տարեկանում է կարծես թե հիշել, որ պետք է բարձրագույն կրթություն ստանալ, հավանաբար գործի համար դիպլոմ էր պետք եկել, իսկ դա կազմակերպելը շատ հեշտ է բեւեռային ուղղություն ունեցող համալսարաններում: Նորություն չէ, որ ունենք բազմաթիվ քաղաքական գործիչներ, ում կենսագրականներում նույնպես բարձրագույն կրթությունը բավականին ուշացված է, եւ պատճառը ոչ թե մեծ տարիքում ուսման հանդեպ հանկարծակի առաջացած բուռն տենչն է, այլ սպասվող պաշտոնի հետ կապված՝ դիպլոմի անհրաժեշտությունը: Իսկ դիպլոմը վաճառվում էլ է, դա էլ գիտենք: Սա, իհարկե, Լեւոնի դեպքում պնդում չէ, այլ զուտ տրամաբանական ենթադրություն: Եթե տեսնենք, թե հետագայում ինչ տեղերում է սկսել աշխատել Դոխոլյանը եւ ինչ պաշտոններ զբաղեցրել, ենթադրությունն ավելի տրամաբանական կդառնա:
Ամենակարեւոր մասը, իհարկե, զբաղեցրած պաշտոններն են. 1999-2003-ին եղել է Երեւանի «Դպրություն» ավտոդպրոցի ավտովարման դասընթացների ղեկավար, 2003-2005-ին՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը) կարգապահական դեպարտամենտի ղեկավար, 2005-2009-ին՝ նույն Արթուր Բաղդասարյանի կողմից ղեկավարվող Իրավագետների եւ քաղաքագետների միության հրատարակչական ծառայության պետ, 2011-2013-ին՝ կրկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության առեւտրային տնօրեն:
Նկատեցի՞ք. առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս աշխատանքներն ու պաշտոններն ունեն անմիջական կապ, որի անունն է ՕԵԿ եւ Արթուր Բաղդասարյան: Ընդ որում, Լեւոն Դոխոլյանը ՕԵԿ անդամ է 2002-ից: Այս ամենի հետ, իհարկե, կարող է նաեւ անմիջական եւ խիստ տրամաբանական կապ ունենալ Բիշարյանի քրոջ փեսա լինելու հանգամանքը:
Քրոջ փեսայի կոչումից զատ` ՕԵԿ-ական Դոխոլյանի կենսագրությունում այլ կարեւոր ձեռքբերումներ փնտրելն ապարդյուն է, բայց դե եղածն էլ քիչ չէ, քանի որ տոհմատիրական բարքեր ունեցող երկրում նորովի, կրեատիվ մոտեցումները միշտ ողջունելի են, եւ մեր պաշտոնյաների շրջանում ազգակցական կապերի տեսականին չէր կարող երկար սահմանափակվել միայն աներձագերով եւ արդեն բավականին հնացած քավոր-սանիկներով, խնամիներով: Նույնիսկ այս երեւույթը նոր շունչ է ուզում, եւ այդ շունչը Լեւոն Դոխոլյանի միջոցով մեր քաղաքական դաշտին հաղորդեց Հեղինե Բիշարյանը: Վերջիվերջո, ինչո՞վ է քրոջ փեսան պակաս աներձագից:
Հ. Գ. ԱԺ նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը (Քույրիկ Լեւոն), նոյեմբերի 28-ից ընդգրկվելով ԱԺ ՕԵԿ խմբակցությունում, մինչեւ հիմա չի կարողանում կողմնորոշվել, թե ինչու է հայտնվել խորհրդարանում: Ակնհայտ երեւում է, որ Լ. Դոխոլյանին մինչեւ այժմ ԱԺ-ում «ուղեկցում» են ՕԵԿ խմբակցության անդամները, նրան ծանոթացնում ԱԺ միջանցքներին, խմբակցություններին, ճաշարանին եւ անգամ նրա աշխատասենյակի գտնվելու վայրին: Ի դեպ, նրան օրերս է աշխատասենյակ տրամադրվել, եւ այսուհետ Լեւոնը, բացի Հեղինե Բիշարյանի աշխատասենյակից, նաեւ իր համար սենյակ ունի: Հուսանք` դրա տեղը շուտ կգտնի, եւ ՕԵԿ-ականները նրան երկար ուղեկցելու կարիք չեն ունենա:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը
Հեղ.` Կարեն Վարդանյան