տուն Լուրեր «Ժողովուրդ». Իմիտատիվ

«Ժողովուրդ». Իմիտատիվ

123
0

Ժողովուրդ

Այս օրերին հանրային ուշադրության կենտրոնում է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գազային պայմանագրերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման  շուրջ ծավալվող գործընթացը: Ինչպես հայտնի է, նախօրեին խորհրդարանական մեծամասնությունը  դեմ քվեարկեց  ոչ իշխանական  չորս ուժերի ներկայացրած նախագծին: Երեկ, սակայն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, թե մեծամասնությունը պետք է ընդուներ ընդդիմության այդ առաջարկը, քանի որ այն «արգումենտ էր դառնալու իշխանության համար», նշեց, որ գազի ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրությունն անհրաժեշտություն է. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, եւ առաջիկայում  ստեղծելու ենք հնարավորություն,: Բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»: Թեեւ առայժմ վերջնականապես հստակ չէ, թե ինչպիսին կլինի  գազի պայմանագրերը քննարկելու` իշխանական նախաձեռնության ձեւաչափը, այդուհանդերձ հենց ինքնին փաստը, որ իշխանությունը ի վերջո հանգեց հարցը վերստին քննարկելու որոշմանը, ցույց է տալիս, որ խնդիրն այնքան ակնառու է, որ թեկուզ իմիտատիվ, սակայն  որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունն անխուսափելի է:

Բայց այստեղ ամենակարեւորն այն է, թե ինչ է տալու այդ պայմանագրերի պոստֆակտում քննարկումը` լինի դա ԱԺ ոչ իշխանական ուժերի առաջարկած` ժամանակավոր հանձնաժողովի, թե Հովիկ Աբրահամյանի նշած ձեւաչափով: Ի վերջո, Վլ. Լենինի հայտնի բանաձեւը` «եթե ուզում ես որեւէ բան կոծկել, ստեղծի՛ր հանձնաժողով», մշտապես ակտուալ է եղել ՀՀ Ազգային ժողվում  ստեղծված  անխտիր բոլոր ժամանակավոր հանձնաժողովների դեպքում. լինի դա մարտի 1-ի հանձնաժողովը, թե գազի հարցով նախորդ հանձնաժողովը, որի գոյության մասին, ի դեպ, այսօր արդեն ոչ ոք չի հիշում:

Իրականում ԱԺ բոլոր հանձնաժողովներն էլ կոչված են եղել բուն հարցի շուրջ հանրային կրքերը մեղմացնելուն, ընդդիմադիր տրամադրությունները ժամանակի ընթացքում մաշեցնելուն եւ խնդիրը ծածկադմփոց անելուն: Ուստի, եթե ընդդիմությունն իրոք ուզում էր խոչընդոտել գազային համաձայնագրի ստորագրումը, ապա ոչ թե պետք է բավարարվեր դրա քվեարկությունը բոյկոտելով, այլ այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով ժողովրդին ոտքի հաներ` թույլ չտալու համար գազային կապիտուլյացիան:

Մինչդեռ մեր հարգարժան ընդդիմադիրների ընտրազանգվածն այդ օրերին մենք ոչ մի տեղ չտեսանք: Ավելին, այն մի քանի տասնյակ  քաղաքացիներն էլ, որոնք ԱԺ-ի  առջեւ բողոքի ակցիա էին անում, հիմնականում ապակուսակցական քաղաքացիական ակտիվիստներն էին: Հետեւաբար, ամենակարեւոր պահին վճռական դիմադրություն ցույց չտված ընդդիմությունը, կամա թե ակամա, այս հարցում ջուր է լցնելու իշխանության իմիտատիվ ջրաղացին:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը իր խմբագրականում