Այս օրերին երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում կրկին սկսվել է ներկրված ձվի վաճառքը: «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների պատմելով՝ «Կրպակ» խանութների ցանցում վաճառվող հավկիթի վրա մակնշված է, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 12-ին եւ պիտանի է մինչեւ այս տարվա մարտի 12-ը: Հայաստանի սպառողների միությունը նույնպես այս խնդրով ահազանգ է ստացել մի շարք քաղաքացիներից: Միության նախագահ Արմեն Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ այդ մակնշմամբ ձուն արդեն ժամկետանց է: «Մակնշումն է սխալ: Դա անթույլատրելի է: Ձուն երեք ամիս չի կարող թարմ լինել: 25 օրից ավելի գոյություն չունի պիտանելիության ժամկետ: Իսկ 25 օրվա եւ երկու ամսվա մեջ հսկայական տարբերություն կա»,-ավելացրեց նա: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղ խոստացան, որ վաղը (այսօր-խմբ.) կպատասխանեն:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը