Հունվարի 27-ին Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում սպանվել էր քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի` Թեւոսիկի եղբայրը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի էր ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թեւոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Փորձեցինք տեղեկությունը պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկը եւ ստեց, թե Մ. Սեդրակյանը ՀՀ-ում չէ: Մինչդեռ ականատեսները նրան տեսել են եկեղեցու բակում: Թե ինչ կապ ունի Մ. Սեդրակյանը քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի ընտանիքի հետ, դժվար է ասել: Սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան նաեւ, որ հուղարկավորության վայրում խոսվել է, թե Մ. Սեդրակյանն ինչ-ինչ խողովակներով խնդրել է Սերժ Սարգսյանին, որպեսզի նա թույլ տա Թեւոսիկին վերադառնալ Հայաստան: Այսինքն՝ նրան չկալանավորեն:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը