Երկարատեւ բանակցություններից հետո երեկ ՀՀ կառավարությունն ի վերջո վաճառեց Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերություններին: Առքուվաճառքի պայմանագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունները կվճարեն 180 միլիոն դոլար, իսկ առաջիկա վեց տարում կկատարեն 70 միլիոն դոլարի ներդրումներ՝ համալիրի արդիականացման եւ վերանորոգման համար:
Նյու-Յորքում տեղակայված «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունն աշխարհի 17 երկրներում գործող 33 էներգետիկ կայանների սեփականատեր է եւ ներգրավված է ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային էներգիայի արտադրությունում՝ այդ թվում քամու եւ արեւի:
Նշենք, որ սա Հայաստանում իրականացվող ամենամեծ ամերիկյան ներդրումն է, եւ բացի զուտ տնտեսական նշանակությունից, գործարքը, անշուշտ, ունի նաեւ քաղաքական բաղադրիչ: Եվ պատահական չէր, որ անցած տարեվերջին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունից հետո, որոշակի խնդիրներ ծագեցին այս գործարքի իրականացման շուրջ՝ հայկական կողմից առաջադրված նոր պահանջների արդյունքում: Սակայն քանի որ գործարքը, ի վերջո, կայացավ, կարելի է կարծել, որ ՀՀ կառավարությանը, այնուամենայնիվ, հաջողվեց ապահովել ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը՝ գոնե այս չափով:
Հատկապես հայ-ռուսական վերջին 12 համաձայնագրերի, այդ թվում եւ՝ «Գազպրոմ»-ի հետ ստորագրված գազային համաձայնագրի ֆոնին, ամերիկյան ընկերության ներկայությունը Հայաստանի էներգետիկ համակարգում, ինչ խոսք, ողջունելի է: Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանի իշխանություններն այսպիսով վաճառեցին պետական սեփականություն հանդիսացող թերեւս վերջին խոշոր ակտիվները՝ այդպիսով ավարտին հասցնելով անցած 20 տարիների ընթացքում իրականացված պետական ունեցվածքի աճուրդը:
Ընդհանրապես, թեեւ Տիգրան Սարգսյանի կառավարությանը նախորդները քիչ բան էին թողել վաճառելու, սակայն նրա պրպտող միտքը, այդուհանդերձ, գտնում է նոր արժեքներ, որոնք մինչ այդ որեւէ մեկի մտքով չէր անցել վաճառել. սկսած ոսկու պետական պահուստներից, ավարտած Հայաստանի գանձարանի պարունակությամբ: Էլ չասած՝ եվրաբոնդերի եւ էներգետիկ ակտիվների մասին: Եվս մեկ-երկու նման գործարք՝ ու Տիգրան Սարգսյանին հաջորդողը հայտնի ֆիլմի հերոսի նման ասելու է. «Չրպ ցՍՐՈՊպվՏ ՊՏ վՈր»: Իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների ցմահ նախարար Արմեն Մովսիսյանն էլ, որը երեկ ՀՀ անունից ստորագրեց Որոտանի հէկ-երի վաճառքի պայմանագիրը, ըստ ամենայնի, նոր վարչապետին հաճոյանալու համար կփորձի բացատրել, թե որքան վատն էր իր իսկ կողմից բանակցված եւ իրականացված այս գործարքը:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը իր խմբագրականում