Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ խորհրդարանում ուշագրավ հայտարարություն է արել. «Ոչ բոլոր մենաշնորհներն են վնասակար Հայաստանի տնտեսության համար: …Իհարկե, կան շուկաներ, որտեղ քիչ թվով սուբյեկտների առկայությունը բացատրվում է ոչ թե տեխնիկական, այլ ուրիշ պատճառներով: Բայց այստեղ եւս մենաշնորհները կամ գերիշխող դիրքը շուկայում խախտում չէ: Մենք ուղղակի հետեւում ենք, որպեսզի այդ սուբյեկտները չչարաշահեն իրենց գերիշխող դիրքը շուկայում»: Այսպիսով՝ վերջապես պաշտոնապես հայտնի դարձավ, որ մեր երկրում անհնար է պայքարել մենաշնորհների դեմ: Ավելին, տնտեսության համար մենաշնորհների անվնաս լինելու մասին խոսեց այն մարմնի ղեկավարը, որը պարտավոր է պայքարել մենաշնորհների դեմ: Սա թերեւս նույնն է, թե, օրինակ, ոստիկանապետը կամ դատախազը հայտարարեն, որ ոչ բոլոր հանցագործություններն են վնասարար հասարակության համար:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը