տուն Լուրեր «Ժողովուրդ». Անվերահսկելի

«Ժողովուրդ». Անվերահսկելի

234
0

Ժողովուրդ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ Ազգային ժողովում, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին, հայտարարել է. «Ոչ ոք չի վերահսկի գազի հայկական սակագները հայրենական պետական մարմինների փոխարեն»: Նազարյանը հավաստիացրել է, թե հանձնաժողովը կշարունակի ամբողջ ծավալով կատարել իր հիմնական գործառույթները, այդ թվում եւ` «Հայռուսգազարդ»-ի հայկական բաժնեմասի վաճառքից հետո. «Մենք կքննարկենք սակագների հետ կապված գազային օպերատորի հետագա հայտերը եւ կթողնենք այնտեղ միայն արդարացված ծախսերը: Ոչ ոք մեր փոխարեն գազի սակագին չի որոշի»:

Նազարյանի այս հայտարարություններից այնպիսի տպավորություն է, որ ՀԾԿՀ նախագահը պարզապես չի կարդացել տխրահռչակ գազային համաձայնագիրը: Հակառակ դեպքում դժվար է հասկանալ նրա տրամաբանությունը. եթե սույն համաձայնագրով ստանձնած պարտավորություններով մինչեւ 2043 թվականը Հայաստանը զրկված է «Գազպրոմ»-ից բացի որեւէ այլ աղբյուրից գազ ստանալու հնարավորությունից (իրանական տարբերակը, մեղմ ասած, քիչ հավանական է` հաշվի առնելով այն փաստը, թե ում ձեռքում է Իրան-Հայաստան գազատարը), ապա ստացվում է, որ Ռոբերտ Նազարյանը խոստանում է վերահսկել մի բան, որն ի սկզբանե արդեն իր վերահսկողության սահմաններից դուրս է:

Պատկերացրե՛ք մի իրավիճակ, երբ «Գազպրոմ»-ը ցանկանում է բարձրացնել գազի սակագինը, իսկ քաջն Ռոբերտ Նազարյանն էլ ասում է` «ո՛չ, պարոնա՛յք գազպրոմականներ, մենք չենք ընդունում ձեր առաջարկությունը»: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կանի «Գազպրոմ»-ը: Ճիշտ եք. պարզապես կդադարեցնի գազամատակարարումը: Իսկ դրան ի պատասխան՝ ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը` ոչինչ: Քանզի նույն այդ տխրահռչակ համաձայնագրի 7-րդ կետով «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ապագա որեւէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի կամ չեղյալ հայտարարի կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» ԲԲԸ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ եւ դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները եւ շահերը»:

Թեեւ ներկայացված իրավիճակն ինքնին արդեն ֆանտասմագորիայի ժանրից է, քանզի տասը տարվա ընթացքում դժվար է հիշել որեւէ դեպք, երբ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովը պաշտպանած լինի հանրության շահերը եւ չբավարարի հանրային այս կամ այն ծառայությունը թանկացնելու հայտերը: Լավագույն դեպքում դրանք բավարարվել են մասնակի, այն էլ` ի սկզբանե միտումնավոր ներկայացվել են անտրամաբանական սակագներ, որոնք էլ հանձնաժողովը «հերոսաբար» նվազեցրել է:

Այնպես որ, «պաշտոնի ծարավ չունեցող» Ռոբերտ Նազարյանը լավ կանի՝ խուսափի նման անհեթեթ հայտարարություններից, առավել եւս` «կյանքի մայրամուտին»:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here