Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Հասան Օքթայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու Հայաստան կատարած այցին: Թուրքագետը մանրամասնեց, որ ինքը հետաքրքրվել է, թե ինչ են խոսում այդ մասին հատկապես Թուրքիայում: «Ինձ համար հետաքրքիր էր, որովհետև թուրքական լրատվամիջոցներում նկատել էի «Հայաստանը սպառնում է» վերտառությամբ մի հոդված: Հոդվածում թուրք լրագրողը ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի խոսքերը մեջբերելով` հետևություններ էր արել ու գրել. «Հայաստանը փոքր երկիր է և թվում էր, որ պետք է ավելի զիջողական քաղաքականություն վարի, բայց արի ու տես, որ նա սպառնում է Թուրքիային»,- մանրամասնեց Չաքրյանն` ընդգծելով, որ այստեղից կարելի է ենթադրել, որ թեև հայաստանյան իշխանությունները ներքաղաքական կյանքում ունեն որոշակի անհաջողություններ, բայց հայ-թուրքական հարաբերություններում անզիջում են: «Արտաքին քաղաքականության հարցում Հայաստանը բավականին հաստատակամ է»,- նշեց նա` հավելելով, որ ՀՀ ԱԳ նախարարը կոշտ քաղաքականություն է ցուցաբերում: Հ. Չաքրյանի հավաստմամբ` թուրքերը մինչև հիմա չեն կարողանում մարսել ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի կոշտ հայտարարությունները, որոնք հնչեցին հատկապես Դավութօղլու այցի օրը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին` ապա նա մանրամասնեց նաև, որ Հասան Օքթայը կարծիք է հայտնել, թե Արցախի հարցը պետք է Հայաստանը Թուրքիայի հետ միասին լուծում գտնի: Չաքրյանի խոսքով` այդ մտքին ինքը հակադարձել է, նշելով, թե դա պետք է նախ եռանախագահող երկրների հետ համաձայնեցվի: «Եռանախագահող երկրները խանդով են լցված դեպի Թուրքիան, և իհարկե, թույլ չեն տա, որ Թուրքիան միջամտի այդ հարցին: Թուրքիայի ամեն մի միջամտություն նրանց կողմից կդիտվի իբրև ոտնձգություն, մանավանդ, որ համանախագահներն արդեն տեղյակ են, որ Թուրքիան 90 ական թվականներին միջամտել է ղարաբաղյան պատերաազմին»,- հավելեց նա:
Չաքրյանի համոզմամբ` Թուրքիան միշտ ուզում է, որ Հայաստանը վախեցած լինի իրենից: Նրա խոսքով` այդպիսի վարքագծի դրսևորումներից մեկն էլ համացանցում տարածված լուսանկարներն են, սակայն որոնց համար անհանգստանալ նույնպես չարժե. «Նախ այդ լուսանկարներով Օքթայը բացահայտեց ինքն իրեն, և հետո`թուրքերից վախենալ պետք չէ: Եթե գիտես, թե վայրի կենդանիները ինչ կարող են անել` ապա նա քեզ համաև վտանգ չի հանդիսանա երբևէ: Ինչ վերաբերում է թուրքերի հետ իմ աշխատանքին`եթե ես մերժեմ, ապա նրանք կգնան Թուրքիա ու կբարձրաձայնեն, որ հայերն անգամ Հայաստանում են վախենում թուրքերից:
Անդրադառնալով Կովկասի ռազմավարական կենտրոնին`թուրքագետը նշեց, որ այն իրենից լուրջ կենտրոն չի ներկայացնում: «Այդ կենտրոնը դեռևս չի կայացել: Անգամ հայտնի չէ, թե որ թվականին է այն ստեղծվել: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանը` ապա չեմ կարծում, որ այդ կենտրոնն ինչ որ դեր կխաղա այդ հարցում»,- եզրափակեց նա: