Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կարող է ժամանել Կիև, որպեսզի մասնակցի ներուկրաինական կարգավորման գործընթացին: Այս մասին ասել է Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Բային:
«Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին այցելել Կիև: Բանակցությունների արդյունքում, հաջորդ շաբաթ Կիև կարող է մեկնել Քեթրին Էշթոնը», — հայտարարել է Բային: Նրա խոսքերով` նախագահ Յանուկովիչը համաձայնություն է տվել ընդունելու Ֆյուլեին և Էշթոնին՝ հակամարտության կարգավորման կապակցությամբ:
Տեղեկացնենք նաև, որ այսօր Բարոզուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Յանուկովիչը հավաստիացրել է, որ չի պատրաստվում արտակարգ դրություն հայտարարել Ուկրաինայում: