Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ Lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջի սքրինշոթը (էկրանի արտատպումը), որում երևում են ՀՀԿ-ական Արկադի Ոսկանյանի կողմից ուղարկված սպառնալիքները: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածը լրագրողի իրավունքի խախտում է:
«Դա իհարկե, սպառնալիք է լրագրողի նկատմամբ: Լրագրողը կատարել է իր գործը, իր պարտականությունը որը տեսնելն է, ֆիքսելն է, և այդտեղ որևէ դատապարտելի գործ չկա , եթե այդ երիտասարդ ՀՀԿ-ականները չեն ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, այդ գործողությամբ պետք է չզբաղվեն: Բայց եթե իրենք իրենց կուսակցության հրահանգով ինչ-որ գործողություն են կատարում, լրագրողի սուրբ պարտականությունն է դա լուսաբանել: Եթե այդ լրագրողը որոշել է լուսաբանել , ապա դա իր պրոֆեսիոնալ պարտականությունն է, իսկ սպառնալիքն արդեն օրենքի խախտում է»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
«Կարծում եմ, որ երկիտասարդ ՀՀԿ-ականներն այդպիսի սպառնալիքներ հնչեցնելուց առաջ պետք է նախևառաջ տեսնեն, թե ինչ է ասում օրենքն այդ մասին»,- հավելեց նա: