Մեծ Բրիտանիայում ծնվել է մի աղջիկ, ում ուղեղի մի մասը գտնվում է գանգից դուրս: Բժիշկները ծնողներին տեղյակ են պահել, որ երեխան, հնարվոր է, չի կարողանա ապրել: Այժմ Ֆեյթ Մարտինը երեք ամսական է, և բավականին ակտիվ է: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ծնողները երեխայի առողջական խնդիրների մասին իմացել էին դեռ մոր հղիության ժամանակ: Նրանց ասել էին, որ երեխան հնարավոր է, չի կարողանա շնչել, իսկ բժիշկներն այս հարցում անզոր են: Այնուհետև նրա մոտ հայտնաբերել են էնցեֆալոցելեն` ուղեղի ճողվածք: Այս հիվանդության ժամանակ երեխայի ուղեղի մի մասը զարգանում է պարկի մեջ, որը գտնվում է գանգից դուրս:
Սակայն ծնողները չեն համաձայնվել ընդհատել հղիությունը: Հոկտեմբերին կեսարյան հատման արդյունքում ծնված երեխային վիրահատել են հունվար ամսին` հեռացնելով ճողվածքը: Չնայած երեխան մշտապես պետք է գտնվի բժիշկների վերահսկողության տակ, այդուհանդերձ ծնողները նշում են, որ նա բավականին ակտիվ է և իրեն պահում է սովորական երեխաների նման: