Ապրիլի 16-ին «Սինջար» եզդիների ազգային միավորման նախաձեռնությամբ, արդեն 3-րդ տարին, կկայանա եզդի երեխաների՝ մատիտով նկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կանցկացվի Ակնալիճ համայնքում գտնվող եզդիների սրբավայրի մոտ: Ցուցահանդեսի մասին AraratNews.am-ի հետ խոսեց միջոցառման կազմակերպչական հարցերով պատասխանատու՝ Խանե Մահմուդյանը:
— Որն է միջոցառման կազմակերպման նպատակը :
— Արդեն մի քանի անգամ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նման միջոցառումներ է իրականացնում, նպատակ ունենալով զարգացնելու, ոգևորելու գեղեցիկի նկատմաբ զգացումը եզդի երեխաների, դպրոցականների շրջանում:
Միջոցառումը, կարծում եմ, ավելի կխթանի մեր մշակույթի պահպանմանը և երեխաները էլ ավելի կհարստացնեն իրենց պատկերացումներն ու գիտելիքները ոչ միայն նկարչության, նկարչական արվեստի ու գաղտնիքների, այլև՝ եզդի ժողովրդի կենցաղի, պատմության դրվագների մասին, ինչի կարիքը իսկապես կա և շատ: Հույս ունենք, որ նկարչությունը, որպես գեղեցիկի կարևորագույն արտահայտումներից մեկը, ավելի կտարածվի եզդի երեխաների շրջանում, զարգացում կստանա, և կհայտնվեն նաև այնպիսիք, ովքեր կընտրեն պրոֆեսիոնալ նկարիչ դառնալու ճանապարհը, հետևաբար ավելի մասնագիտորեն կներկայացնեն իրենց տաղանդը :
— Ի՞նչ պարտադիր պայման կա, որով պետք է առաջնորդվեն երեխաներն իրենց նկարներում :
— Այս տարի , ցուցահանդեսի թեմա ընտրել ենք «Ազգային տոները»: Հետևաբար նկարները պետք է պարտադիր ազգային տոներին, ավանդույթներին և ծեսերին վերաբերեն: Կարծում եմ՝ միջոցառումը կնպաստի մեր մշակույթի պահպանմանը և կկարողանա ներկաներին ծանոթացնել մեր՝ եզդիներիս շրջանում տարածում գտած ազգային տոներին: Տոներ, որ կարտացոլվեն մեր մանուկների անկեղծ ստեղծագործություններում:
— Տարիքային սահմանափակում կա՞ մասնակիցների համար :
Տարիքային սահմանափակում չկա: Կմասնակցեն բոլոր այն երեխաները, ովքեր ցանկություն ունեն նկարելու ու մեզ հետ կիսելու իրենց երևակայության արդյունքը : Հասկանալի է, որ ցուցահանդեսի մասնակիցները տարիքի պատճառով չեն համարվի պրոֆեսիոնալ նկարիչներ, սակայն, պարզ և ըմբռնելի է, որ հատկապես երեխաների զգացումներն ու պատկերացումներն ավելի անկեղծ ու անմիջական են շրջակա աշխարհի, ազգային նիստուկացի, ազգային ավանդույթների նկատմամբ, ինչն էլ, իմ խորին համոզմամբ, իր արտահայտությունը կգտնի նրանց ստեղծագործություններում:
— Ի տարբերություն նախորդ երկու տարիների, այս տարի ցուցահանդեսը մրցութային չէ: Ի՞նչն է այդ փոփոխության պատճառը:
— Այս տարի նման որոշում կայացրեցինք, քանի որ նախորդ 2 տարիների փորձը ցույց տվեց , որ չհաղթող մասնակիցները հիասթափվում են: Քանզի միջոցառման սկզբունքներից մեկն էլ այն է, որ մեր փոքրիկների մեջ ինքնավստահություն և միասնականություն զարգացնենք, որոշեցինք չունենալ չհաղթողներ: Այսուհետ մեր բոլոր փոքրիկ նկարիչներն էլ հաղթող են :
— Ցուցահանդեսին կից , որևէ միջոցառում սպասվում է այդ օրը հյուրերին։
-Այո սպասվում է: Ինչպես ամեն տարի, կլինեն երաժշտական կատարումներ , ասմունք: Այս ամենը, իհարկե, կմատուցվի ազգային լեզվով ու ոգով :
Զեմֆիրա Քալաշյան