ԼՂՀ հակամարտության վերաբերյալ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ փետրվարի 5-6-ը Ստրասբուրգյան հանդիպումից հետո Եվրոպայի դուռը չի փակվել Հայաստանի համար:
«Կար տարակուսանք, կար հիասթափություն, ակնկալիքները չեն բավարարվել, բայց ես ցանկանում եմ, որ նայենք առաջ: Ըստ այն մեսիջների, որ մեզ տրվել են, ակնհայտ է, որ Եվրոպայի դուռը դեռեւս Հայաստանի համար փակված չէ: Բանակցված փաստաթղթերը վերջնական տարբերակով պատրաստ են, Հայաստանը հնարավորություն ունի դրանք ստորագրելու, եթե իր շահերը գնահատելուց հետո գիտակցի, որ Մաքսային միությանը միանալը, կամ Եվրասիական միության ստեղծմանը մասնակցելը ավելի ցածր արժեք է, քան Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը»,-ասում է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-6-ը հայկական պատվիրակությունը մասնակցել է Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի հերթական նիստին, որի վերջում չէր ստորագրվել ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարություն:
«Շատ կարեւորում եմ արտաքին հարաբերությունների նիստում մեր ունեցած քննարկումները եւ շատ կարեւոր էր այնտեղ մեր դիրքորոշումները հնչեցնելը, որովհետեւ մեր պատվիրակությունը որպես բազմակարծություն ունեցող պատվիրակություն շեշտեց այն հանգամանքը, որ Հայաստանը վերջին տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է ձեռք բերել: Եվրամիության մեր գործընկերները հենց պետք է շահագրգռված լիենք, որ այդ առաջընթացը մենք պահպանենք, այլապես հնարավոր է, որ մենք Մաքսային միության երկրների վատ պրակտիկաները սկսենք Հայաստանում ընդօրինակել»,-ընդգծեց Մարուքյանը: