«Եվրատեսիլ» համաեվրոպական երաժշտական մրցույթի կազմակերպիչները որոշել են լուրջ պատժամիջոցներ կիրառել ազգային հեռուստաալիքների համար, եթե ձայների հաշվարկի ժամանակ հայտնաբերվեն կեղծիքներ: Այս մասին հայտարարել են Եվրոպական հեռարձակողների միությունում (EBU):
Նոր կանոնների մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ նախկինում ձայների կեղծման որոշ հաղորդագրություններ են եղել, սակայն EBU-ի ներկայացուցիչները չեն կարողացել ծանրակշիռ ապացույցներ գտնել դրա համար: Այդուհանդերձ, միությունում կարծում են, որ ինչպես ֆուտբոլային ակումբներն են պատասխանատվություն կրում իրենց երկրպագուների համար, այնպես էլ հեռուստաալիքները պետք է պատասխանատու լինեն իրենց քվեարկողների, այդ թվում` ժյուրիի անդամների համար:
Եթե հեռուստաալիքը կեղծիք թույլ տա ձայների հաշվարկի ժամանակ, ապա կզրկվի Եվրատեսիլը հեռարձակելուց հաջորդ երեք տարիների ընթացքում: