Այսօր Ազգային Ժողովում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի առաջարկած նախագծինˋ գազային պայմանագրերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ այն տեսանկյունից, թե ինչու մինչ օրս քաղաքական մեծամասնության հետ չեն քննարկել այդ հարցը:
«Ինչու քաղաքական մեծամասնության հետ չեք քննարկել հանձնաժողովի ստեղծման գաղափարը, միգուցե մենք էլ միանայինք, եթե իսկապես հարցեր կան քննարկելու, ուսումնասիրելու եւ շտկելու, եւ մենք էլ մեր մասնակցությունն ունենայինք: Դուք 4 խմբակցությունով քննարկել եք, որոշել եք եւ այժմ եկել եք, ակնկալում եք, որ մյուս երկու քաղաքական ուժերը իրենց մասնակցությունն ունենան քվերակությանը:
Ի պատասխանˋ Արամ Մանուկյանը նշեց երկու պատճառ, թե ինչու չեն առաջարկել իշխանական ուժերին միանալ հանձնաժողովի ստեղծմանը:
«Նախ բազմաթիվ անգամ ես դիմել եմ գազային փաստաթղթերը ստանալու համար: Բազմիցս դիմել եմ 23 պայմանագրերի գաղտնիքը բացահայտելու համար հանրապետական կուսկացությանը եւ չտեսա, որ ցանկանում են այդ փաստաթղթերը տեսնենք: Որեւէ նախաձեռնություն հանդես չեն բերել: Երկրորդ պատճառն այն է, որ մենք արդեն դիմել էինք ձեզ, որ մի քվեարկեք գազի պայմանագրերին կողմ: Այն պայմանագրերին, որոնք 40 տարի քո իշխանությունը դնելու են կաշկանդվածության մեջ»,-ասաց Արամ Մանուկյանը:
Նա կոչ արեց, որ այժմ քաղաքական մեծամասնությունը միանա քվեարկությանը, եւ միասին բացահայտեն այն խութերը, այն գաղտնիքները, որոնք երկու տարի «կախված են եղել օդում»:
«Ես հիմա եմ անում այդ առաջարկը»,- հավելեց Մանուկյանը:
Մինչդեռ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ճիշտ կլիներ, եթե ժամանակին առաջարկեին:
«Դուք էլ եք զգում, որ ճիշտ չեք արել, բայց պետք է առաջարկեիք եւ հիմա նաեւ ակնկալիք կունենայիք, որ կընդունվեր: Դուք բերել եք մի նախագիծ ու, ինչպես միշտ, քաղաքական մեծամասնությանը հորդորում եք, որ քվարկեն»:
Արամ Մանուկյանը հակադարձեցˋ նշելով որ. «Ես գոնե ձեզ դիմել եմ 23 պայմանագրերի համար, քանի՞ անգամ եմ դիմել»:
«Այո դիմել եք եւ ստացել եք»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը, որից հետո ՀԱԿ պատգամավորները ասացին Արամ Մանուկյանին, որ «ասա այո, ստացել ենք»:
«Իմ ընկերներն ասում են, որ ասեմ այո»,-ծիծաղելով պատասխանեց Արամ Մանուկյանը, որից հետո Հովիկ Աբրահամյանը եզրափակեց երկխոսությունը, նշելով, որ քաղաքականությունը առանց սկզբունքի չի լինում: