Ես արդեն այնքան եմ ուժեղացել այս հարցերում, որ դարձել եմ գազի մարդ: Այսօր Ազգային Ժողովի նիստին ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանըˋ խոսելով 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին:
«Թե ինչ պայմանագիր է կնքել Հայաստանը Ռուսաստանի հետ, թե ինչքան է գազի գինը սահմանին, ինչու է սահմանից հետո ավելանում գազի գինը: Սահմանից այս կողմ տեղի է ունենում գողություն, ես խոսում եմ 200 դոլարի մասին: Դա վերաբերում է ոչ թե Ռուսաստանին, այլ մեզ: Այդ պարքտը որտեղից է առաջացել, սա հայ-ռուսական հարաբերությունների հետ կապ չունի, սա առաջացել է միայն մեր ներսում»,- ասաց Մանուկյանը:
Նա նշեց, որ գազի պարտքի եւ սակագնի բարձրացման գաղտնիքը բացահայտելը պատգամավորների պարտավորությունների մեջ է մտնում եւ հորդորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկություններով հանդես գալ:
«Պարոն Աբրահամյան եկեք բացենք այս գործը: Եթե կան առաջարկներ՝ ես պատրաստ եմ լսել, իմ գործընկերները պատրաստ են լսել: Ասեք ձեր առաջարկները, բայց այս գործը, այս հանձնաժողովը բացեք: Առաջարկ արեք, բայց խուսափել սրանից չի կարելի»,- հավելեց Մանուկյանը:
Նա նշեց նաեւ, որ հանրային հարցերի կարգավորման հանձնաժողովը իրավասու չէ պատասխանել այն հարցերին, որոնք բարձրացրել է ինքը Ազգային Ժողովում:
«Իմ հնչեցրած հարցերը Ռոբերտ Նազարյանի գործը չէ, եւ ես չէի էլ պատրաստվում այդ հարցերը հնչեցնել նրան: Ես ասում եմ այն հարցերը, որոնք կապված են ուղիղ մեր վերահսկողության հետ»,- ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի ելույթին:
Անցում կատարելով աուդիտի մասին հարցերին, Մանուկյանը պնդեց, որ մինչ օրս 20 տոկոսը գնահատելու աուդիտի մասին փաստաթղթերը չեն բերվել խորհրդարան:
«Մենք չունենք այդ թղթերը, մենք կառավարությունից ենք ուզել այդ թղթերը, որը չի բերում»,-ասաց Մանուկյանը: